2018-ին ավտոմեքենաների ներմուծման ծավալների կտրուկ աճ է նկատվել ՀՀ-ում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

2018 թվականին արձանագրվել է ավտոմեքենաների ներմուծման ծավալների կտրուկ աճ՝ նախկինում տարեկան 40 հազար ավտոմեքենայից հասնելով արդեն իսկ 62,5 հազարի, տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից:

Նշվում է, որ Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 բաժնի (ավտոմաքսատուն) ենթակառուցվածքը նախատեսված չէր նման ծավալների ծառայություն մատուցելու համար, ինչը և հանգեցրել է հավելյալ հերթերի և կուտակումների:

Ըստ աղբյուրի, Պետական եկամուտների կոմիտեն քայլեր է ձեռնարկում խնդրին համալիր լուծում տալու ուղղությամբ: Մինչև հարցի հիմնովին կարգավորումը՝ կոմիտեն տեղեկացնում է, որ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն, առանց բացառության, կարող են իրականացվել բոլոր մաքսատներում և մաքսային կետերում:

Փաստացի վերացվել է մաքսային ձևակերպումների մասնագիտացված/կենտրոնացված համակարգը և ներմուծողի ցանկությամբ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները կարող են կատարվել ՀՀ-ում գործող 5 մաքսատներից և 6 մաքսային կետերից ցանկացածում:

ՊԵԿ-ը միաժամանակ հայտարարում է, որ հերթերից խուսափելու նպատակով, մինչև 2018թ.-ի դեկտեմբեր ամսվա վերջը Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 (ավտոմաքսատուն) բաժինը կաշխատի երկուշաբթիից-ուրբաթ՝ 9:00-ից մինչև 21:00-ն: