Օնիկ Գասպարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացը իրավունքի ուժով չի կարող լուծվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

հասարակական

Դեռևս մարտի 3-ին, 10-ից ավելի սահմանադրական իրավունքի ոլորտում մասնագիտացած գործընկերների հետ միասին ներկայացրել էինք դիրքորոշում, որ Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու սկսված գործընթացը չունի որևէ իրավական նշանակություն և որևէ իրավական հետևանք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։

«Կրկին պետք է նշել՝ Սահմանադրության 155-րդ հոդվածը սահմանում է Գլխավոր շտաբի պետի հատուկ կարգավիճակը, որպես թիվ մեկ զինվորականի և ապահովում է, որ վերջինս նշանակվում է պաշտոնի օրենքով սահմանված ժամկետով, այն է 5 տարի։ Նշվածը երաշխավորում է, որ ԳՇ պետը կատարի Սահմանադրությամբ իր պարտականությունը, այն է ապահովի ի թիվս այլի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ արտաքին և ներքին սպառնալիքներից և կախված չլինի քաղաքական զարգացումներից։

Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1518 որոշումը ամբողջությամբ բացահայտել էր Հանրապետության նախագահի լիազորությունները և դրանց ծավալը։  Նշված որոշմամբ Սահմանադրական դատարանը մեկնաբանելով Սահմանադրությունը այս հարցին սպառիչ անդրադարձ կատարել է և Հանրապետության նախագահը կարող է միայն նշանակել վարչապետի առաջարկությամբ Գլխավոր շտաբի պետին և չունի ազատելու լիազորություն։ Այսինքն այս գործընթացը իրավունքի ուժով չի կարող լուծվել, ինչպես այսօր ներկայացվել է վարչապետի հայտարարությամբ։

Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին վարչապետի կողմից նախագահին ազատելու առաջարկության լիազորություն առհասարակ նախատեսված չէ Սահմանադրությամբ՝ հետևաբար կրկին պնդում եմ այս գործընթացը որևէ իրավական հետևանք չունի», - նշել է Վարդևանյանը։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս