Ակնկալում ենք, որ ՀՀ ներքին իրավիճակը ԼՂ-ում իրավիճակի նոր սրման չի հանգեցնի. Ռուդենկո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

ռուդենկո.

Ռուսաստանն ակնկալում է Հայաստանում տիրող իրավիճակի շուտափույթ կարգավորում, հույս հայտնում, որ այն չի հանգեցնի ԼՂ-ում իրավիճակի սրման: Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: 

«Մենք սա դիտարկում ենք իբրև Հայաստանի ներքին գործ և չենք միջամտում գործընթացներին, որ այնտեղ տեղի են ունենում, մենք կողմերից որևէ մեկին չենք պաշտպանում: Ցանկանում ենք, որ իրավիճակն այնտեղ հնարավորինս արագ կարգավորվի. դա կլինի ի օգուտ բոլորի, այդ թվում` ԼՂ խնդրի կարգավորման»,- ասել է նա:

Հարցին` կարո՞ղ է արդյոք Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը հանգեցնել ԼՂ-ում իրավիճակի նոր սրման, փոխնախարարը պատասխանել է, որ «մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են, հաշվի են առնում բոլոր հնարավոր սցենարները»:

«Մենք հուսով ենք, որ բանը դրան չի հասնի, քանի որ դա պետք չէ ոչ մեկին, առաջին հերթին` Հայաստանին: Մենք իրավիճակը չենք դիտարկում նման բացասական լույսի ներքո»,- ասել է Ռուդենկոն:

Նրա խոսքով` Ռուսաստանը դեսպանության և այլ ուղիներով մշտապես կապի մեջ է հայկական կողմի հետ:

--00--ԱԹ