«Գազանանոցի տնօրե՞ն ա, թե՞ բակային հեղինակություն»․ բողոք՝ Ռուբեն Խաչատրյանի դեմ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

Կենդանաբանական այգու նախկին ու ներկա աշխատակիցներն ու կենդանասերները բողոքի ակցիա են անցկացնում այգու դիմաց՝ պահանջելով տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Բողոքի մասնակիցները կարծում են՝ կենդանիների վերջին անկումները կապված են վատ և ոչ մասնագիտական կառավարման հետ, սակայն փորձ է արվում այդ ամենը բարդել աշխատակիցների վրա։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում մի զեբրի անկման, բեզոարյան այծի և մի քանի այլ կենդանիների անկման դեպքեր են եղել։

«Ուզում ենք պարզել՝ ինչո՞ւ են առեղծվածայնորեն սատկում կենդանիները։ Մեծ գումարներ են ծախսվում, ազատավանդակներ են սարքում, բայց կենդանիներին նորմալ չեն կերակրում։ Չկա կերակրում, չկա առողջ կենդանի», – նշում է աշխատակիցներից Անուշ Ռաֆայելյանը։

Բողոքի ակցիայի մասնակիցները բողոքում են նաև կենդանիների պահման պայմաններից, օրինակ, թութակներին առանձին պահելու փոխարեն խմբերով են պահում, որն անթույլատրելի է․ «Էդ ոչխար չի, ցուլ չի, կով չի։ Ինքը գազանանոցի տնօրե՞ն ա, թե՞ բակային հեղինակություն», - ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։