Զգացինք Ալիևի անկեղծ ցանկությունը ԼՂ հարցի շուրջ կառուցողական լուծումներ փնտրելու․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

«Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարության ձևավորումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը կվերսկսեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները»: Այս մասին Բաքվում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ տեղեկացնելով, որ  Ադրբեջանի նախագահ Ալիևը պատրաստակամ է վերսկսել բանակցությունները ղարաբաղյան հարցի շուրջ։ Հաղորդումն է ՏԱՍՍ-ը։

«Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շատ մանրամասն խոսակցություն ունեցանք: Մենք զգացինք նրա անկեղծ ցանկությունը՝ կապված բանակցությունների վերսկսման և կառուցողական լուծումներ փնտրելու հետ։

Ռուսաստանը որպես Հայաստանի և Ադրբեջանի մտերիմ գործընկեր  և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝  կանի ամեն ինչ փոխզիջման հասնելու  անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար», - ասել է արտգործնախարար Լավրովը, ապա հիշեցրել, որ ավելի վաղ կայացել են շփումներ երկու երկրների ղեկավարների և արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև, սակայն դրանք կայացել են մինչև Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները:

«Հիմա, երբ այդ փուլն արդեն անցյալում է, սպասվում է կառավարության ձևավորումը, որից հետո, կարծում եմ, հայկական կողմը պատրաստ կլինի ադրբեջանցիների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերսկսել բանակցային գործընթացը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: