ԱԱԾ-ին կհանձնարարեն պարզել՝ ով է կոտրել փոստն ու հանրության առաջ դրել իշխանության պերճանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News     

վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկվա բացահայտումից հետո, երբ արդեն փաստերով պարզվեց, որ վարչապետի օգնականն է իրականացնում նախաքննական մարմինների «դատավարական ղեկավարումը», անշուշտ վարչապետը, նրա օգնականը, Քննչական կոմիտեի ողջ ղեկավարությունը հրաժարական չտվեցին, ՀՔԾ-ում ակնհայտ հանցագործության մասին վկայող փաստերի առկայության պարագայում քրեական գործ չհարուցվեց, չեն իրականացվել խուզարկություններ, չկան ձերբակալված անձինք։

Այո, Հայաստանը նորմալ պետություն չի, կարելի է ասել պետություն էլ չի, այստեղ այս ամենը կարող է հանգիստ մարսվել, այստեղ հանցավոր արարքներ կատարած մարդկանց մի խումբ կարող է հանգիստ շարունակել ապրել ու հանցագործ անվանել մեկ այլ խմբի։

Իսկ ես ձեզ ասեմ ավելին։ Գիտե՞ք ինչ է լինելու։ Այս խայտառակության վերաբերյալ քննության փոխարեն ԱԱԾ-ին հանձնարարելու են պարզել, թե ով է կոտրել քննիչի էլեկտրոնային փոստը ու ով է հանդգնել բացահայտել ու հանրության առաջ դրել ժողիշխանության ողջ պերճանքն ու թշվառությունը։ Հետո կգտնեն ինչ-որ հերթական VPN, կսկսեն հերթական ֆեյք-վհուկի որսը։ Իսկ վերջում կոտրողները կկոտրեն նաև ԱԱԾ էլեկտրոնային փոստն ու էլի կգտնեն ապօրինի գրագրություն վարչապետի օգնականի հետ։ Ու դրան ևս չի հետևի վարչապետի, նրա օգնականի ու նրանց ստրուկներից որևէ մեկի հրաժարականը»։

Հիշեցնենք, որ երեկ հրապարակվել էր տեսանյութ, որում երևում էր, որ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը էլեկտրոնային փոստով ուղղորդել է ՀՔԾ քննիչի գործողությունները, միջամտելով գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը։

--00--ԱՀ