Մարալ Նաջարյանից բացի, Ադրբեջանում ենթադրաբար եւս 3 հայ կին գերի կա. Սիրանուշ Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News     

սիրանուշ

Լիբանանահայ Մարալ Նաջարյանից բացի, Ադրբեջանում ենթադրաբար եւս 3 հայ կին գերի կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

«Երեք կանանց տվյալները ներկայացրել ենք համապատասխան կառույցներին։ 3 կին քաղաքացիական անձ հայտնվել է Ադրբեջանի հսկողության ներքո։ Ադրբեջանը չի հաստատում նրանց պաշտոնապես գերեվարման հանգամանքները։ Ունենք նաեւ դեպքեր, երբ տեղահանված անձինք սպանվել են»,- նշեց Սահակյանը։

Սիրանուշ Սահակյանն ասաց, որ երկու կանայք գերեվարվել են պատերազմի ընթացքում, մեկը՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո։

Հարցին՝ արդյո՞ք առաջիկայում գերիների նոր խմբի վերադարձ է սպասվում, Սահակյանն ասաց.

«Ես կարծում եմ, որ առաջիկայում նման զարգացումներ չեն լինելու։ Այս պահին այդպիսի արտաքին քաղաքական նախադրյալներ չկան։ Մենք նոր կառույցների ներգրավման ակնկալիք ունենք դատական գործընթացների շրջանակում։ Մենք դիմել ենք դատարան, որպեսզի խնդիրն ուղարկի Նախարարների կոմիտե։ Չենք բացառում, որ ընթացող դատական գործընթացի շրջանակում Եվրոպական դատարանը կդիմի Նախարարների կոմիտե, որպեսզի քննարկվի անհապաղ միջոցների չկատարման հարցը։ Դա կմեծացնի Եվրոպայի խորհրդի շրջանակում քաղաքական ճնշումն Ադրբեջանի նկատմամբ։ Այդ զարգացման դեպքում չենք բացառում, որ այս կառույցի հովանու ներքո որոշ տեղաշարժեր արձանագրվեն»։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությանը, թե Հայաստանի ներքաղաքական իրավիճակով պայմանավորված Ադրբեջանը հրաժարվում է հայ գերիներին վերադարձնել՝ Սահակյանն արձագանքեց.

«Միջպետական այս խնդրի լուծման տեսանկյունից  նշանակություն ունեն միայն բանակցությունները եւ այդ բանակցությունների ընթացքում բանակցողի դիրքը։ Ներքաղաքական զարգացումները որեւէ ազդեցություն չունեն։ Ադրբեջանը ոչ թե ժխտողականություն է դրսեւորում այն հիմքով, թե Հայաստանում ցույցեր են, այլ այն հիմքով, որ լեզու չի գտնում Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ դիրքորոշումը նաեւ պաշտոնականացված է»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանական ուժերի  գերեվարած Մարալ Նաջարյանը երեկ ազատ է արձակվել ու վերադարձել է տուն` Բեյրութ:

--00--ԱՀ