Թե՛ Երևանի, թե՛ Բաքվի կողմից կառուցողական տրամադրվածություն ենք նկատում. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Մենք ընդհանուր առմամբ կառուցողական տրամադրվածություն ենք նկատում, որ դրսևորում են թե Երևանը, թե Բաքուն` ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք այս հայտարարությունը չի համարվում միջազգային իրավունքի խախտում, ոտնձգություն Հայաստանի սահմանների նկատմամբ:

«Եռակողմ աշխատանքային խմբի հիմնական խնդիրն է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Մենք հուսով ենք, որ նման դրական տրամադրվածություն կլինի, նաև հատման կետեր գտնելու առումով, թե Հայաստանի, թե Ադրբեջանի՝ ինչպես պաշտոնական մեկնաբանություններում, այնպես էլ մեդիա տիրույթում»,- նշեց նա:

--00--ԱԹ