Վճռական Մենակը և հայերի ժամանակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

նկար

«Հիշողությունը արյամբ է հասնում ուղեղին, հետո իր «տեղը գտնում» անձի… ողնաշարում:

Ու Սպարապետ նրան մամուլը չէ, որ կոչել է: Նրան էդպես են զգում: Ոչ թե գիտակցում են - ընդունում են… Չէ՛, զգում: Իսկ զգացողությունը հարաբերական չի լինում»։ 

Այդին Մորիկյան, 2008 թ.

 

Ի՞նչ կաներ Վազգենը, եթե հիմա մեզ հետ լիներ...

Բեկբեկվող մեր օրերում այս հարցը ամենից հնչողներից է։ Պատասխանը՝ ավելին քան պարզ. Վազգենը կաներ այն, ինչը որ միշտ էր անում՝ անկախ պետականության և բանակի հզորացում։ Եվ «պարտություն» բառը մեզանից հեռու ու խիստ օտարոտի կլիներ, իսկ 1988 թ. Շարժման գաղափարները, ինքնիշխան Հայաստանը, Ղարաբաղի հաղթանակներն առավել ամրապնդված, իսկ հայկականությունը նոր հաջողություններով, հաղթություններով լիցքավորված, հարստացած կլինեին։

Վազգենի լինելիության դեպքում մենք կապրեինք ուրիշ Հայաստանում, որի էությունը կապ չունի վերջին 21 տարիների Հայաստանի հետ և չի կարող աղերս ունենալ՝ հատկապես 2018 թ. գարնանից սկսված ու մինչ օրս տևող հայկական ժամանակի հետ, որի մեջ հայը կորցրեց ամեն ինչ ու չի տեսնում նույնիսկ իր կենսական շարունակության ինչպես լինելը։

Վազգեն Սարգսյանն ու կամքի ուժը հոմանիշներն են։

Պետականաշինության, բանակաշինության, հաղթության գործերում Վազգենի կամքի կենտրոնը սյունի պես է կանգնած, սյունի, որը հայոց տան առաստաղն էր պահում։

Եվ երբ որ սյունը մեր ձեռքով ջարդեցինք ու տեղն էլ փուչ ու բարակ ձողեր դրեցինք, ամեն ինչի փլվելը ժամանակի հարց դարձավ։

Մենք ինքներս մեր թիկունքից մեզ խփեցինք, երբ թույլ տվեցինք հոկտեմբերի 27֊ը ու հետո հանգիստ շարունակեցինք ապրել։ Դա մեծ ու անարժանապատիվ խաբկանք էր։ Որովհետև, երբ առյուծը անտառում չէ, բորենիները, շնագայլերն ու այլ լեշակերները նենգերի կառավարում են հաստատում և գարշելի խրախճանք նախաձեռնում։ Տուժում են բոլորը, և փչանում է ամեն ինչը։

Հայաստանում «Անասնաֆերմայի» ժամանակը հենց այդպես սկսվեց` Վազգենից հետո, արժեքների և չափանիշների ոտնահարումով։

Ասում են՝ հիմա Վազգենի կարիքը ամենից շատը կա։ Իսկ այդ եր՞բ չկար, հա՛յ մարդ՝ Երասխավանում, երբ պատերազմը սկսվեց, ՀԱԲ֊ի լիկվիդացիայի ժամանակ, երբ կասեցվեց պետականաքանդ քաղաքացիական պատերազմը, Մահապարտների պատմական կոչի ժամանակ, երբ մատնաչափ էր մնացել ջախջախիչ պարտությունից, կամավորական ջոկատները կազմավորելու ու զորահավաքներ կազմակերպելու ժամանակ, երբ Ղարաբաղի հաղթանակն ու բանակը միասին ծնվեցին, վարչապետ դառնալու ժամանակ, երբ մեր ձեռքով գրվող պատմությունը համազգային միասնության ու համաշխարհային դիմադրողության բացառիկ դրսևորումներ պիտի ունենար։ Ե՞րբ չկար ու ե՞րբ գլխի ընկաք, որ կա, պետք է ինքը, եր՞բ որ իր ողբերգական բացակայությունը վերջնահաշվարկում հանգեցրեց համապետական կործանման ու ազգային աղետի։

Վազգենի ներկա բացակայությունը ավելի խոսուն ու ազդեցիկ է, քան այսօր գործող ապրողների մարմնաշարժությունները, որոնք բանսարկությունների և վրեժխնդրության նեղ սահմաններից չեն անցնում։ Իհարկե, խաղաղ պայմաններում սա խաղերի տրամաբանության մեջ է մտնում, բայց պետության կործանման ու ժողովրդի՝ իր իսկ կենսատարածքից սրբվելու վտանգի ֆոնին այն հանցավոր աշխուժություն է իրենից ներկայացնում։

Ախտահարված Հայաստանը սանիտարական ու վիրահատական մեթոդների կարիք ունի, որոնք ոչ թե պիտի դրդված լինեն որևէ անհատի, անձի, խմբի շահերից, այլ ուղղված պետության վերածննդի կենսագործմանը։

«Այս երկիրը անտրամաբանական սիրո և անտրամաբանական ատելության երկիր է»:

Վազգենն իր իսկ կողմից բնորոշած այս դիագնոզի զոհը դարձավ։ Իրեն ուղղված սերը կառուցողական շարունակություն չստացավ, իսկ դրանից առաջ իր նկատմամբ կուտակված ատելության էսկալացիան հասավ գագաթնակետին։

Մեր միջավայրում նույնիսկ չձևավորվեց այն կուլտուրան, որ գլխավոր զոհին հավերժացնելուց հետո նրա գործը համակարգային ժառանգության տեսք ստանա։ Մենք ունենք հուշեր, բայց չունենք փաստեր։ Եվ Հայաստանը չունի դամբարաններ, որոնք կխոսեն իրենց մասին։

Վազգենը տիրոջ ինքնագիտակցությամբ էր իշխում, և իր սարսափ առաջացնող կերպարի, հսկայական հեղինակության, հզոր ազդեցիկության մեջ սեր կար առ պետականություն, մարդ ու ժամանակ։ Հոգատարություն կար, որ հաճախ դրսևորվում էր ուժի տեսքով և արդարացնում իրեն՝ դեռ վերջնարդյունքին չհասած։

Ինքն ասում էր. «Ամեն մարդ աշխարհն իր սրտի չափ գիտի», իսկ դրանից առաջ` դեռ գրողական տարիներին, գրել էր. «... մարմինը կորցրած սրտի նման, սրտի չափ երկիր ենք, սրտի ծայրամասը ո՞րն է. որտեղից էլ վնասվի` մահացու է...», և վերջում` վարչապետությունից դեպի հավերժություն գնալուց օրեր առաջ կտակել էր. «Ձեր հոգու մեռելներին թաղեք։ Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս֊անցնում եք, ձերը ես երկրի սիրտը պահելն է։ Սիրտը»։

Սա Վազգենի քրիստոնեական խորը և ամբողջական ընկալման և մոտեցման մասին է խոսում, հավատավոր ու հոգևոր էության, որովհետև «Աստված սրտին է նայում» (Ա Թագավորաց 16։1–12), և ինքն էլ Հայաստանը իր սրտի մեջ պահած էր սիրում։

Իսկ հիմա, հա՛յ մարդ, ո՞ւր են թագավորներդ, սպարապետներդ, իշխաններդ, տերերդ ո՞ւր են, որ գան, քեզ սպանդանոցի ճանապարհից փրկեն, թշնամուդ մթերանոցի լիությունը կանխեն։ Չկա՛ն։ Հեռացված, սպանված, արտաքսված են։ Ու անտերության այս հովիտի մեղավորներին ուրիշ տեղ ու ուրիշ դեմքով մի՛ փնտրի։ Մենք ենք մեղանչել, որ նույնիսկ մեր տերերի հիշատակին և ժառանգությանը տեր չեն կանգնել, արժանի չենք դարձել, հաշվետուի պատասխանատվության զգացում չենք ունեցել, պատասխանատվությունից ենք խուսափել։

Եվ հիմա ի՞նչ անել, երբ պատերազմում ջարդվել ես և տանդ մեջ էլ ամեն օր բոլորը՝ փոքր ու սուր դանակներով զինված, իրար մանր ու ծակող հարվածներ են հասցնում` երկրի արյունահոսությունը ապահովում։

Գանք Մեծն Մաթևոյանին՝ «Վե՛ր կաց ու ձիավորվի՛ր»։

Չհուսահատվել, չվախենալ, միայն հավատալ։ Վեր կանգնել ու առաջնորդել։ Համերաշխություն չի լինի ներսում, որովհետև եթե պատերազմն ու պարտությունը չբերեցին սթափության և բարիշելուն, ապա ուրեմն ներքին բախումն անխուսափելի է։ Մաքրել տունը աղբից, հիգիենայի խաղի կանոներ հաստատել, ոչ թե սկսել մաքուր էջից, այլ դարձ ի շրջանս յուր անել, քանի որ հաճախ ամեն ինչ նորից սկսում են նրանք, ովքեր մարդկության քաղաքական դպրոցում անընդհատ պատմության քննությունից կտրվել ու մնացել են նույն դասարանում։ Մենք մեր ամենափայլուն օրինակներն ունենք։ Մեր նոր ու իսկական էջը 1988 թ. Շարժումն է և Շարժման իշխանության տարիների հաղթանակներն ու հաջողությունները։ Վազգենն այդ երկուսի խտացումն է և մարմնավորողը։ Մեզ ուղղակի պետք է մտածել և գործել այնպես, ինչպես կաներ նա, ում կարիքն ու պահանջը այսօր ամենից շատն ունենք։ Լրջանալ, սթափվել ու լսել այլևս պատմության խորխորատներից եկող նրա ուղորդող ձայն ու խոսքը.

«Մենք վախենում ենք մեր ուժից: Մեզ վարժեցրել են ուրիշի ուժին: Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ»։

Հա՛յ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես:

 

Ռուբեն Վարդանյան

պատմաբան, հրապարակախոս

--00—ԼՄ