Ադրբեջանը շարունակում է օգտագործել ատելության խոսքը, սպառնալիքի լեզուն. Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Տաթևիկ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում նաև ներառված էր արցախյան վերջին պատերազմի հումանիտար հետևանքների հաղթահարման հարցով զեկույցի նախնական քննարկումը: Հարցի զեկուցողը իռլանդացի պատգամավոր Փոուլ Գավանն է, ով մանրամասն զեկույց է պատրաստում թեմայի վերաբերյալ և ներկայացնում էր նախնական որոշ դիտարկումներ: Հարցի քննարկման ժամանակ իմ խոսքում ասել եմ.

«Հարգելի գործընկերներ,

Նախևառաջ շնորհակալ եմ զեկուցողին արդեն կատարած աշխատանքի համար և հույս եմ հայտնում, որ զեկույցը կլինի հնարավորինս օբյեկտիվ և կարտացոլի ստեղծված իրականությունը: Իսկ իրականությունն այն է, որ ԵԽ անդամ երկիրը՝ Ադրբեջանը, մեկ այլ անդամ երկրի՝ Թուրքիայի ակնհայտ օժանդակությամբ ագրեսիա է սկսել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: Թեև 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրվել է հրադադարի եռակողմ հայտարարություն, բայց Ադրբեջանը շարունակում է չկատարել ստանձնած պարտավորությունները: Մինչ օրս բազմաթիվ հայ ռազմագերիներ պատանդ են պահվում Ադրբեջանի իշխանությունների կողմից, և սա անթույլատրելի է: Միևնույն ժամանակ, զեկուցողը իրավացիորեն նշեց, որ հումանիտար խնդիրները դժվար հաղթահարելի են, քանի դեռ չկա խնդրի քաղաքական լուծում: Այո, Ադրբեջանը գնաց ագրեսիայի ճանապարհով, որը քաղաքական լուծում չէ, ցավում եմ, որ ադրբեջանցի գործընկերները, հատկապես կին գործընկերները նման հպարտությամբ են խոսում ագրեսիայի ակտի մասին, որն այդքան ցավ ու կորուստ է պատճառել բոլոր կողմերին: Ցանկանում եմ նաև բոլորիդ ուշադրությունը հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա՝ Ադրբեջանը շարունակում է օգտագործել ատելության խոսքն ու սպառնալիքի լեզուն: Ադրբեջանի նախագահ Ալիևը սադրիչ ու անթույլատրելի հայտարարություններ է հնչեցնում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ: Սա անթույլատրելի է և պետք է միջազգային հանրության կողմից համարժեք արձագանք ստանա» »:

--00--ԱԹ