Ի՞նչ նպատակ է հետապնդում ԱԳ նախարարի դեմարշը. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Արա Այվազյան

«Փաստ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը և, մասնավորաբար անդրադառնալով ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտնի հայտարարությանը, նշել է.

«Ես ամենևին համաձայն չեմ Հայաստանում տեղի ունեցածը որպես պետական հեղաշրջման փորձ որակելու հետ... Դա գլխավոր շտաբի որոշ անդամների քաղաքական դիրքավորումն էր... Հայաստանում ռազմական հեղաշրջման տարրեր չկան»: Այս հայտարարությունը երեկ որակվեց որպես սենսացիոն, քանզի փաստացի Այվազյանը հակադրվում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև վերջինս քանիցս հայտարարել է, թե բանակի՝ իր հրաժարականի պահանջով հայտարարությունը հեղաշրջման փորձ է: Իրականում ԱԳ նախարարի նման հայտարարությունը պատահական չէ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Այվազյանը հասկացել է, որ մեծ «կրակի» մեջ է ընկել՝ կապիտուլ յացիոն համաձայնագրի ստորագրումից հետո համաձայնելով աշխատել Փաշինյանի կառավարությունում, և նման դեմարշով նպատակ ուներ հասնել նրան, որ վերջինս իրեն ազատի աշխատանքից: Նա գիտակցում է, որ այս փուլում Նիկոլ Փաշինյանի կառավարությունում աշխատողները, առավել ևս պարտությունից ու խայտառակ համաձայնագրի ստորագրումից հետո նշանակվածները չեն ներվելու:

Փաստացի, Այվազյանը փորձում է իր վրայից մաքրել կոլաբորացիոնիստի պիտակը և իր կյանքի այս ամոթալի էջը: Ի դեպ, մենք դեռ օրեր առաջ էինք գրել, որ, ամենայն հավանականությամբ, աշխատանքից ազատվելու է նաև ԱԳ նախարարը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա երկու անգամ աշխատանքից ազատման դիմում է գրել, սակայն Փաշինյանը համոզել է մնալ, որ առկա ծանրագույն վիճակն ավելի չսրվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00--ԱՀ