Հիմա մենք ավելի ծանր վիճակում չենք, քան մինչև 93 թ. հունիսը. Բալասանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Վիտալի Բալասանյան

ԼՂ հարցը երբևէ պատերազմական կամ ռազմական ճանապարհով չի լուծվել ու չի լուծվելու, հիմա էլ չի լուծվել: Այս մասին Արցախի Հանրային հեռուստատեսության «Օր․ Թեմա» ծրագրի հետ հարցազրույցում նշել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: 

«Եթե էքսկուրս կատարենք 1920-1921, 1923 թթ, ավելի ծանր ժամանակահատվածներ ենք ապրել, մեր ժողովուրդն իր մեջ միշտ ուժ է գտել հաղթահարել այդ օրերը»,- նշել է նա:

Բալասանյանն անդրադարձել է հարցին՝ ինչո՞ւ ստացանք սեպտեմբերի 27:

«Այն քաղաքականությունը, որ վարում էր ՀՀ ներկայիս քաղաքական իշխանությունը, ելակետը զրոյականն էր. մենք բազմիցս ենք բարձրաձայնել այդ մասին: 2016-ի ապրիլյան դեպքերից հետո ՀՀ քաղաքական իշխանությունը ստացավ մի բանաձև, ինչ էր իր մեջ պարունակում այն. շփման գծում, կարող ենք պայմանական ասել՝ պետական սահմաններին, մշտադիտարկման տեխնիկական հագեցվածություն, ՄԽ գրասենյակի ընդլայնում: Դրանով կֆիքսվեր, պատասխանատվության կենթարկվեին այն կողմը կամ կողմերը, որոնք 94 թ. մայիսի 12-ի հրադադարի ռեժիմի մասին համաձայնագիրը կխախտեին»,- ասել է Բալասանյանը:

ԱՀ ԱԽ քարտուղարը նկատել է՝ 94 թ. մայիսի 12-ից առ 2016 թ. այդ փաստաթուղթը գոյություն ուներ այնքանով, որքանով, բայց 2016 թ. հետո այն գրեթե ամրագրվել էր: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ քաղաքական իշխանության փոխվելուց հետո. հայտարարվեց «Արցախը Հայաստան է և վերջ», որ չէր կարելի ասել:

«Ամեն ինչ պետք է անեին, որ սուբյեկտայնությունը բարձրացվեր՝ քաղաքական, ռազմական, տնտեսական դերաբաշխում պետք է ունենայինք ՀՀ և Արցախ: Եթե զուգահեռներ անցկացնենք մինչև 91, 92, 93 թթ. հունիս, ապա հիմա մենք ավելի ծանր վիճակում չենք, քան մինչև 93 թ. հունիսը ներառյալ: Այսօր կան ռազմական, քաղաքական, մարդկային ռեսուրսները, սփյուռքը, մեր կապերը այլ երկրների հետ, որ կարողանանք այս ծանր վիճակից դուրս գալ, վստահ եմ, որ դուրս ենք գալու: Մշակում, վարում ենք համապատասխան քաղաքականություն, մշակում ենք հայեցակարգ, որ ԱԽ-ում կքննարկվի, որպես փաստաթուղթ կընդունենք»,- նշել է նա:

Բալասանյանն ընդգծել է՝ տնտեսությունն այս պահին շատ ծանր վիճակում է, քանի որ մեծ տարածքներ են կորցրել, ունեն հազարավոր տեղահանվածներ, որ ամեն ինչ կորցրել են, բայց հնարավոր է համայն հայության ուժերով այս հարցերը լուծել:

--00--ԱԹ