Արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակումը չի կարելի ձգձել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

հրանտ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հոդված է հրապարակել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։

Հոդվածը՝ ստորև․

«Չնայած Արցախյան Երկրորդ պատերազմի ավարտից ավելի քան երեք ամիս է անցել՝ հայկական պետությունները շարունակում են ամեն օր նոր կորուստներ կրել։ Այս իրողությունն այնքան էլ հասկանալի չէ ժողովրդի համար։ Մարդիկ կարծում էին, որ Նոյեմբերի 10-ի տխրահռչակ եռակողմ հայտարարությունը, որքան էլ այն անբարենպաստ լիներ հայկական կողմի համար, այնուամենայնիվ որոշակիորեն պետք է կայունացներ իրավճակը Հայաստանի և Արցախաի սահմաններում։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ Արցախի բացարձակ մեծամասնությունն առանց որևէ փամփուշտի զավթելուց հետո, թուրք-ադրբեջանական դաշինքը հայացքն ուղղեց դեպի Հայաստանի պետական սահման և սկսեց տարածքներ գրավել նաև Սյունիքի մարզում։ Բացի այդ, շարունակեցին չլուծված մնալ ռազմագերիների, անհայտ կորածների, անտուն մնացածների և հետպատերազմյան բազում այլ հարցեր։ Ու թեև այս ամենը չափազանց կարևոր նշանակություն ունի ցանկացած հասարակության համար, այնուամենայնիվ պետք է փաստել, որ պատերազմի ամենակարևոր հետևանքները միանգամայն այլ հարթության մեջ են և առանձնահատուկ մոտեցում են պահանջում։

Խոսքն առաջին հերթին վերաբերվում է մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությանը։ Հիմա արդեն ակնհայտ է, որ անվտանգության և հավասարակշռության նախկին մեխանիզմները, որոնք գործում էին Հարավային Կովկասում, այլևս կենսունակ չեն։ Պատերազմը փոխեց ամեն ինչ՝ Թուրքիան դարձավ տարածաշրջանի ռազմա-քաղաքական զարգացումների ակտիվ մասնակից, ռուսական զորքերը հայտնվեցին Արցախում, հսկայական տարածքների կորստից բացի հայկական կողմը կորցրեց նաև տարածաշրջանում անվտանգության գործոն լինելու չափազանց կարևոր հնարավորությունը, Իրանը բախվեց նոր մարտահրավերների և այլն, և այլն։

Այս ամենն իրողություններ են, որոնք դեռ երկար ժամանակ լարվածության մեջ կպահեն մեր տարածաշրջանը։ Ուժերի՝ տեղի ունեցող վերադասավորումները, բնականաբար, հարթ չեն ընթանում և նորանոր կոնֆլիկտների, անգամ պատերազմների մեծ ռիսկեր են ստեղծում։ Ընդ որում, այդ ռիսկերը նվազեցնելուն ուղղված որևէ մեխանիզմ այս պահին դեռևս չի գործում։ Ավելին՝ Հարավային կովկասում աշխարհաքաղաքական շահ հետապնդող այլ երկրների՝ օրինակ, ԱՄՆ-ի, Չինաստանի կամ Ֆրանսիայի հետզհետե ակտիվացումն ավելի անհասկանալի են դարձնում ապագայի տեսլականները։ Ուստի անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը օր առաջ անվտանգության և արտաքին քաղաքականության նոր ռազմավարություն մշակի և իր ապագա բոլոր քայլերը տեղավորի այդ նոր ծրագրի տրամաբանության մեջ։

Նման ռազմավարություն մշակելիս հայկական կողմը որպես ելակետ պետք է ունենա այն գիտակցումը, որ առկա իրավիճակը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ ռազմական առումներով մեզ համար կենսական լրջագույն սպառնալիքներ է պարունակում։ Վերջին գործոնը՝ ռազմականը, առավել ևս։ Մանավանդ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Արցախի բնակչությունը, ըստ էության, պատանդի կարգավիճակում է հայտնվել թուրք-ադրբեջանական գործոնի ձեռքում։ Այո, այնտեղ կան ռուսական խաղաղապահ զորքեր, բայց հասկանալի է, որ Արցախի համար դա անվտանգության բավարար երաշխիք չէ և անհրաժեշտ են լրացուցիչ լուծումներ, որոնք պետք է հենված լինեն Պաշտպանության Բանակի վերակազմավորման ու Արցախի որոշ տարածքների դեօկուպացիայի անհրաժեշտության վրա։ Երկուսն էլ օրհասական խնդիրներ են, որոնց լուծման ձգձգումը օր օրի ավելի է բարդացնում մեր դրությունը տարածաշրջանում։

Երկրորդ կարևոր խնդիրը, որ դրված է մեր պետության առջև, սուբյեկտայնության վերականգնումն է։ Արցախյան Երկրորդ պատերազմից առաջ ես առիթներ ունեցել եմ՝ խոսելու այն մասին, որ Նիկոլի ապիկար իշխանության գործողությունների արդյունքում Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը։ Մեր պետության ու ժողովրդի ճակատագրին վերաբերող հարցերը քննարկվում էին առանց հայկական կողմի մասնակցության։ Դա առավել ակներև դարձավ այն պահից, երբ Թուրքիան ինքն իրեն ղարաբաղյան հակամարտության կողմ հռչակեց և սկսեց Արցախի հարցը քննարկել Ռուսաստանի, ԱՄՆ և Եվրոպական երկրների հետ։ Իսկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած Հուլիսյան իրադարձություններից հետո Հայաստանն ընդհանրապես դուրս մնաց տարածաշրջանային քաղաքական զարգացումների մասնակցությունից։ Այն ժամանակ մենք բոլորս դարձանք չափազանց վտանգավոր մի իրողության ականատես, երբ Հարավային Կովկասում շահ հետապնդող բոլոր երկրների ղեկավարները միմյանց հետ սկսեցին խոսել Հուլիսյան լարվածության մասին։ Բոլորն իրար հետ և ոչ ոք Նիկոլի հետ։ Հայաստանի վարչապետը որևէ երկրի ղեկավարի հետ Հուլիսյան լարվածության մասին խոսելու ոչ մի հնարավորություն չի ունեցել…

Արցախյան երկրորդ պատերազմից հետո իրավիճակն այդ առումով էլ ավելի վատացավ՝ հիմա արդեն Թուրքիան և Ադրբեջանն են որոշում, թե Հայաստանի սահմաններն ինչ տեսք պիտի ունենան, ճանապարհային և տնտեսական ինչպիսի ենթակառուցվածքներ պետք է ունենա մեր երկիրը և նմանատիպ այլ հարցեր՝ լավագույն դեպքում իրենց որոշումները համաձայնեցնելով միայն Ռուսաստանի հետ։ Հայաստանի կարծիքը որևէ մեկը, ցավոք, հաշվի չի առնում։ Եվ դա խնդիր է, որը պետք է շատ արագ լուծվի։

Երրորդ, Հայաստանը պետք է կրկին որոշակի գործառույթներ ու պատասխանատվություն ստանձնի տարածաշրջանի ռազմա-քաղաքական զարգացումներում։ Մինչ 2020թ.-ի պատերազմը մեր պետությունն առնվազն երկու նման գործառույթ էր իրականացնում՝ ուժերի հավասարակշռություն պահպանելով Ադրբեջանի հետ՝ նա պատերազմների և ռազմական գործողությունների կանխման կարևոր դեր էր խաղում ողջ տարածաշրջանի համար և երկրորդ, զսպում էր Թուրքիայի ներխուժումը Հարավային Կովկաս։ Հիմա այս ամենն այլևս չկա, իսկ Հայաստանն էլ կայունություն, կանխատեսելիություն և անվտանգություն ապահովող երկրից վերածվել է անվտանգություն սպառող պետության։ Պարզ է, որ իր այդ կարգավիճակով հայկական պետությունն այլ երկրների հետ հարաբերություններում որևէ այլ բանի, քան նրանց ձեռքում գործիք լինելու հավակնություն չի կարող ոնենալ։ Իսկ դա, մեղմ ասած, անընդունելի իրողություն է, որը սպառնալիքներից բացի որևէ այլ հեռանկար հայ ժողովրդին չի կարող խոստանալ։

Հայկական պետությունների առջև ծառացած կարևորագույն խնդիրների շարքում է նաև արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մշակումը։ Հասկանալի է, որ հետպատերազմյան իրողությունները միանգամայն այլ լուծումներ և մոտեցումներ են պահանջում մեր դիվանագետներից։ Բայց, կարծում եմ, ամենակարևորը արտաքաին քաղաքականության ոլորտում լինելու է սկզբունքայնությունը։ Աշխարհը պետք է հստակ իմանա, թե ինչ արժեքներ է դավանում Հայաստանի Հանրապետությունը, որ շահերի համար է պատրաստ կռիվ տալ, աշխարհաքաղաքական և նույնիսկ քաղաքակրթական ինչ ընտրություն է կատարել հայկական պետությունը։ Միայն այդ պարագայում Հայաստանը կարող է վստահելի գործընկերոջ և դաշնակցի համբավ ձեռք բերել՝ ծառայեցնելով այդ ամենը մեր երկրի անվտանգության և զարգացման խնդիրներին։

Եվ վերջապես վերջինը՝ թերևս ամենակարևորը, միասնականության ոգին է։ Ցավոք, այս առումով մեր ժողովուրդն այսօր գտնվում է խոր ճգնաժամի մեջ։ Պատերազմն ավելի սաստկացրեց այդ ճգնաժամը՝ բոլորիս թե՛ որպես հանրություն, թե՛ որպես ժողովուրդ և թե՛ որպես պետություն կանգնեցնելով ոչնչացման շեմին։ Հայ մարդը պարտավոր է վերագտնել ինքն իրեն, նոր նպատակներ դնել իր առջև և անշեղորեն ընթանալ այն առաքելության ուղով, որն ի բնե դրված է մեր ժողովրդի առջև։ Սա ազգային անվտանգության կարևորագույն խնդիր է, որը պահանջում է համազգային համախմբում և պետական ողջ կարողությունների ներդրում։ Հակառակ պարագայում անլուծելի կմնան նաև մինչ այս պահը ներկայացված բոլոր հարցերը։

Իհարկե, բոլոր այս խնդիրները երկար քննարկման, հաշվարկների, ծանրութեթև անելու անհրաժեշտություն ունեն։ Ու չնայած Հայաստանը գտնվում է ճգնաժամային դրության մեջ, այնուամենայնիվ, մենք պետք է հստակ գիտակցենք, որ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակելու գործը չի կարելի ձգձգել։ Փառք Աստծո, մեր անցյալը՝ իր ձեռքբերումներով ու կորուստներով հանդերձ, ինքնին արդեն շատ հարցերի պատասխաններ է հուշում։ Նույնը և մեր հավատքը, արժեհամակարգը և այլն։ Մնում է հրաժարվել բոլոր այն մեխանիզմներից, որոնք տարիներ շարունակ ներդրվել են մեր ժողովրդի մեջ մեզ իսկ ավելի կառավարելի դարձնելու նպատակով։ Կեղծ արժեքներ, որոնք մատուցվել են որպես ժամանակակից աշխարհի ձեռբերումներ…»։

--00—ԼՄ