Երկրում ստեղծված վիճակը հուշում էր, որ կարող էր մեկ այլ որոշում լինել. Արմեն Գևորգյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

Երկրում ստեղծված իրավիճակը շատերին հուշում էր, որ կարող էր պոտենցիալ մեկ այլ որոշում լիներ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը՝ անդրադառնալով դատարանի՝ իր նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու որոշմանը։

Դեկտեմբերի 11-ին Արմեն Գևորգյանին երեք նոր մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ և սահմանադրական կարգը տապալելուն օժանդակել: Ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաև արդարադատության կայացմանը խոչընդոտելու վերաբերյալ: Մինչև դեկտեմբերի 11-ը Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն մեղադրանքը լրացնելուց հետո քննչական մարմինը գտել էր, որ Գևորգյանին կալանավորելու անհրաժեշտություն կա: Մինչդեռ այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՔԾ քննիչի միջնորդությունը։

Հարցին, թե Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետ ի՞նչ առնչություն ունի, Արմեն Գևորգյանը պատասխանեց, որ քննությունը բոլոր հանգամանքները կպարզի։

«Մինչ այդ օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ կան, որոնցով արձանագրված է՝ ով ինչ մեղք է ունեցել Մարտի 1-ի հանգամանքներում»,- նշեց Գևորգյանը։

Նախկին փոխվարչապետը հավելեց, որ իր համար անակնկալ է եղել, երբ 4 ամիս հետո մեղադրանքը փոխվել է:

«Հաշվի առնելով այն, որ օգոստոսի 3-ին, երբ այդ մեղադրանքը ներկայացվում էր արդեն մեկ շաբաթ առաջ սահմանադրական կարգի տապալման մասին, ըստ էության, դա ուրիշներին ներկայացված է եղել, ի՞նչ փոխվեց 4 ամսվա ընթացքում՝ ես չգիտեմ»,- նշեց նա:

Հիշեցնելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների պնդումը, թե դատարանների վրա կա ճնշում, լրագրողներն Արմեն Գևորգյանից հետաքրրքվեցին՝ արդյո՞ք այդ որոշումը վկայում է, որ չկա ճնշում դատարաների նկատմամբ։

«Բոլոր կողմերը փաստարկները ներկայացրել են ու կողմնակալություն չի եղել։ Ինչո՞վ է առաջնորդվել դատարանը, այս պահի դրությամբ չենք կարող ասել, քանի որ որոշումը չունենք։ Մյուս կողմից, ես կարծում եմ, որ երկրում ստեղծված վիճակը շատերին հուշում էր, որ կարող էր պոտենցիալ մեկ այլ որոշում լիներ»,- նշեց Գևորգյանը։   

Հիշեցնենք, որ մինչ դատարանի դահլիճ մուտք գործելն Արմեն Գևորգյանը լրագրողներին հայտարարել էր, որ բոլոր գործընթացներին լավատեսական է վերաբերում։ Հարցին, թե ծանր մեղադրանքների դեպքում ի՞նչ օպտիմիզմ եք տեսնում, պատասխանել էր՝ մեղադրանքները ծանր են, սակայն գլխավորը, որ ես դրանք չեմ ընդունում։