ՊՆ-ում քննարկվել է ՄԻԵԴ-ի` ԶՈՒ մարդու իրավունքների խախտումներ արձանագրող վճիռների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանի հետ:

Ինչպես հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԻԵԴ-ի` ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումներ արձանագրող վճիռների կատարման ընթացքը, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից եվրոպական չափանիշներին համապատասխան մարդու իրավունքների պատշաճ ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումները և առկա խնդիրների հաղթահարման ու դրանց հետագա կանխարգելման հեռանկարները: 

Վճիռների պատշաճ կատարման համատեքստում անդրադարձ է կատարվել նաև «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ԵԽ նախարարների կոմիտեի առաջարկությունների մասով քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ ՀՀ ՊՆ նախաձեռնությանը: Ձեռք բերված պայմանավորվածությունների պատշաճ իրագործման նպատակով կողմերը համաձայնել են շարունակել ինչպես այս ձևաչափով, այնպես էլ շահագրգիռ այլ կողմերի հետ հանդիպումները: