«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարը եթեր կարձակվի բացառապես հայերեն․ Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարն այսուհետ եթեր կարձակվի բացառապես հայերեն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

Նախարարի պաշտոնակատարի գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Երեկ կառավարության որոշմամբ՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի հաջորդ տարվա կազմակերպմանը տրամադրվել է 17 միլիոն դրամ: Ու հիմնական քննադատությունն այն էր, որ ես ժամանակին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի կազմակերպիչներին քննադատել եմ այն ռուսերենով անցկացնելու համար: Ուզում եմ տեղեկացնել, որ մինչև որոշման նախագիծը շրջանառության մեջ դնելը հանդիպել եմ Կարեն Քոչարյանի հետ, և նա հայտնել է, որ հաջորդ տարվանից հաղորդումը լինելու է բացառապես ՀԱՅԵՐԵՆ»։

Նա մաև հավելել է, որ հաղորդաշարը սիրված է, ինտելեկտուալ քիչ հաղորդումներից է եթերում, որը ստացված է, իսկ գիտելիքի տարածման խրախուսումը նախարարության քաղաքականության հիմնական նպատակներից է:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 13-ի նիստում  որոշել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  հեռուստանախագծի 2019 թվականի չորս եթերաշրջանների համար նոր արտոնագիր ձեռք բերելու նպատակով հատկացնել անհրաժեշտ միջոցներ:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հայաստանյան հեռուստանախագիծն իրականացվում է ռուսաստանյան «Իգրա Թի Վի» հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտոնագրի ժամկետն ավարտվել է, ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առաջարկել է նոր՝ 2019 թվականի չորս եթերաշրջանների համար նոր արտոնագիր ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ 17 մլն դրամը տրամադրել 2018 թվականի ՀՀ պետական բյուջեի Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով նախատեսված միջոցների խնայողություններից` պայմանավորված ծրագրով նախատեսված միջոցների տնտեսումից, որն առաջացել է ընդունելությունը սահմանվածից պակաս կատարելու հետևանքով սովորողների միջին տարեկան թվաքանակի նվազմամբ: