Սպանության փորձ կատարելու մեղադրանքով հետախուզում է հայտարարվել 18-ամյա երիտասարդին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գորիս քաղաքի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը վերջինիս համաքաղաքացին է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. փետրվարի 23-ին` ժամը 20:00-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում, Գորիս քաղաքի Գր.Տաթեւացի փողոցում գործող սրճարանի դիմաց Գորիս քաղաքի 18-ամյա բնակիչը խոսակցություն է ունեցել համաքաղաքացու հետ, որի  ժամանակ հայհոյանքներ տալու կապակցությամբ միջամտել է մեկ այլ համաքաղաքացի:

18-ամյա երիտասարդը, իր սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով դրդված՝ խուլիգանական դրդումներով, խոսակցությանը միջամտած համաքաղաքացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել վերջինիս կենսական կարեւոր օրգաններին` դեմքի, կրծքավանդակի, որովայնի եւ մարմնի այլ մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել. համաքաղաքացին անմիջապես տեղափոխվել է «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 18-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 10-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

--00--ԱՀ