Քերոբյանը ՀԿԵ ՓԲԸ տնօրենի հետ քննարկել է Գյումրիում «Չոր նավահանգիստ» կառուցելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

նկար

Ալեքսեյ Մելնիկովը էկոնոմիկայի նախարարին է ներկայացրել ընկերության որոշ խնդիրները, նշել է մաքսային հսկողության շուրջօրյա աշխատանքի անհրաժեշտությունը՝ առանց հանգստյան օրերի, մաքսակետում ֆիտոսանիտարական ստուգումների բացակայությունը, որը կարելի է կազմակերպել Այրումում, նաև հիշատակել պետության կողմից ուղևորափոխադրումների սուբսիդավորման հարցը։

«Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենը կարևորել է նաև տրանսպորտային-փոխանցումային հանգույցների ստեղծումը, երկաթգծի հարակից տարածքում և երկաթգծի երկայնքով բարեկարգ միջավայրի ապահովումը և այլն։

Վահան Քերոբյանը հյուրին համառոտ ներկայացրել է Գյումրիում «Չոր նավահանգիստ» և Արարատում Արդյունաբերական պարկ կառուցելու հավակնոտ նախագիծը․ լավ մասնագետների ներգրավմամբ նախատեսվում է ստեղծել միջավայր, որտեղ ընկերությունների համար հարմարավետ կլինի աշխատել, իսկ արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ կամ երրորդ երկրներ։ Նախարարը շեշտել է, որ երկաթուղային կապը նշված նախագծի իրագործման պարտադիր մաս է կազմում։ Ալեքսեյ Մելնիկովը գաղափարը հետաքրքիր է համարել՝ նշելով, որ Գյումրիի կայարանն ունի մեծ թողունակության հնարավորություններ, ինչը կարելի է օգտագործել նախագծի իրագործման ժամանակ։ Նախարարը նաև առաջարկել է դիտարկել հայ գործարարների կողմից ներկայացված պահանջարկը՝ կազմակերպել երկաթուղով կցորդներով փոխադրումներ՝ բեռնատարներ, ավտոբուսներ տեղափոխելու համար։ Ի պատասխան Ալեքսեյ Մելնիկովը պատրաստակամություն է հայտնել վերջիններիս հետ առանձին-առանձին քննարկել տրանսպորտային լոգիստիկ սխեմաները։

Վահան Քերոբյանը խոսել է նաև գերարագընթաց գնացքներ ունենալու հնարավոր հեռանկարի մասին՝ շեշտելով, որ դրանց առկայությունը կտրուկ կավելացնի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան։ Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ խնդիրը դժվար լուծելի է լեռնային բարդ ռելիեֆի պատճառով, այն նաև շատ ծախսատար է, սակայն ոչ անհնար։

Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվել են, որ ընկերության խնդիրները գրավոր կներկայացվեն նախարարությանը, որտեղ դրանք կուսումնասիրվեն, այնուհետև կառաջարկվեն համապատասխան լուծումներ։

--00—ԼՄ