Իրավական կազուս է․ Տիրան Խաչատրյանը ո՛չ արձակուրդում է, ո՛չ արձակուրդից հանված է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Տիրան Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ Վարուժան Ավետիքյանը դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ վիճարկման հայցով դիմել են դատարան և խնդրել, որ անվավեր ճանաչվի ՀՀ նախագահի հրամանագիրը, որով ՀՀ Ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյաննն ազատվել է ԳՇ պետի տեղակալի պաշտոնից։

«Հրամանագիրն ընդունվել է Սահմանադրության և օրենքների խախտումներով։ Երեկ իմացանք, որ պաշտպանության նախարարը երկու հրաման է ընդունել. փետրվարի 26-ին ընդունել է հրաման, որով «հայտարարում է նախագահի հրամանագիրը», այնուհետև հրամայում է Տիրան Խաչատրյանին թողնել կադրերի տրամադրության տակ», - ասել է Ավետիքյանը և հավելել, որ մարտի 10-ին արդեն հայցադիմումն ընդունվել է վարույթ, նախագահի հրամանագիրը կասեցվում է:

«Ի զարմանս մեզ՝ պաշտպանության նախարարը մարտի 15-ին ընդունում է մեկ այլ հրաման, որով հետ է կանչում Տիրան Խաչատրյանին արձակուրդից։ Այսինքն ՝ուժը կորցրած է ճանաչում այն հրամանը, որով իրեն ուղարկել էին արձակուրդ և հանձնարարում է ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար Գալստյանին անձնակազմի ցուցակից դուրս հանել Տիրան Խաչատրյանին», - ասել է Ավետիքյանը՝ ընդգծելով, որ այդ փաստն իրենց չափազանց զարմացրել է։

Ավետիքյանը նաև տեղեկացրել է, որ այսօր դատարան ենք ներկայացրել համապատասխան միջնորդություններ, որոնց միջոցով փորձելու են այս լրացուցիչ անօրինական ակտերի դեմն առնել։

«Իրավական կազուս է․ Տիրան Խաչատրյանը ո՛չ արձակուրդում է, ո՛չ արձակուրդից հանված է։ Չափազանց անհստակ մի իրավիճակ է։ Սա իրավական անվտանգության խախտում է», - ասել է նա։

--00—ԼՄ