Աբու-Դաբիի ռազմարդյունաբերական ցուցահանդեսում տաղավարի համար վճարվել է 108.352.652 դրամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

ցուցահանդես

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, հաշվի առնելով մամուլի ընդգծված հետաքրքրվածությունը և բազմաթիվ հարցումները IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերության ցուցահանդեսի մասնակցության վերաբերյալ, տրամադրել է հետևյալ տեղեկատվությունը․

«Ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու համար հայկական պատվիրակության կազմում՝ կազմակերպչական հարցերը կանոնակարգելու համար, ընդգրկված են եղել Նախարարության և Ռազմարդյունաբերության կոմիտեի 6 աշխատակիցներ, ինչպես նաև հայկական տարբեր ռազմարդյունաբերական ընկերությունների ավելի քան 45 մասնագետներ։

Նախարարության պատվիրակության ավիատոմսերի գնման, օրապահիկի և հյուրանոցի գիշերակացի համար վճարվել է 8․604․603 ՀՀ դրամ՝ համաձայն ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2335֊Ն որոշմամբ սահմանված պահանջների։

Տաղավարի տարածքի վարձակալության համար վճարվել է 108.352.652 ՀՀ դրամ («Capital Events» և «Berns Brett Masaood» ընկերություններին):

Տաղավարի նախագծման և կառուցապատման արժեքը՝ 23,000,000 ՀՀ դրամ («Էքսպո Գրուպ» ՍՊԸ)։

Անհրաժեշտ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ www.procurement.am կայքում։

Նախարարի պաշտոնական ներկայացուցչական ծախսերը կազմել են 139,000 ՀՀ դրամ (ՀՀ 2021 թ. նախարարության պահպանման միջոցներով նախատեսված ներկայացուցչական ծախսերի հաշվին)։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի հունվարի 27-ի թիվ 61-Ա հրամանի 4-րդ հավելվածով սահմանված մասնակից ընկերությունների մեկական ներկայացուցչի 4 օրվա գիշերակացի ծախսերը. 9 հոգի՝ 3,637,700 ՀՀ դրամ (25,320 ԱՄԷ դիրհամ), մնացած բոլոր ծախսերն իրականացրել են ընկերությունները՝ համաձայն ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2335֊Ն որոշմամբ սահմանված պահանջների։

Ընկերությունները, քննարկման արդյունքում, նպատակահարմար են գտել ցուցանմուշներն ուղարկել միասնական տարբերակով՝ հաշվի առնելով դրանց բնույթը և ընդհանուր գործընթացի բարդությունը։ Նկատի ունենալով ժամկետների սղությունը՝ Նախարարությունը հնարավորինս աջակցել է մասնակից ընկերություններին առաջացած խնդիրների կարգավորման հարցում։

Նախատեսված է եղել նաև, որ փոխադրման ծառայության դիմաց կվճարեն մասնակից ընկերությունները:

Հիշեցնենք, մեծ աղմուկ էր բարձրացել Աբու Դաբիում ընթացող IDEX-2021 Expo ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական տաղավարներում ցուցանմուշների բացակայության վերաբերյալ: Այդ մասին նախարարությունը հանդես էր եկել պարզաբանմամբ՝ նշելով, որ առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։

ՀՀ կառավարության  նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Աբու Դաբիի  ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական տաղավարներում ցուցանմուշների բացակայությանը:

Վարչապետը նշել էր, որ այդ կապակցությամբ նշանակել է ծառայողական քննություն, ու ծառայողական քննության արդյունքներով պատասխանատուները ի հայտ կբերվեն եւ պատասխանատվության կկանչվեն. «Իհարկե, եթե պարզվի, որ մեր պաշտոնյաները իրենց անելիքի մեջ թերացել են»:

--00--ԱԹ