Սպիտակցի Հայկոն կասկածվում է Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Նախօրեին մահացու ելքով վրաերթն իրականացնելու մեջ կասկածվում է հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոն: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահները դեկտեմբերի 14-ին հայտնաբերել են երեկ Երևանում՝ Խանջյան փողոցում, Վերնիսաժի հարևանությամբ վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկած ու դեպքի վայրը լքած վարորդին եւ նրա ավտոմեքենան։

Վարորդը եղել է 46-ամյա Հայկարամ Ղևոնդյանը։ Նա հանրությանը հայտնի է որպես երգիչ Սպիտակցի Հայկո, իսկ ավտոմեքենան եղել է Range Rover Stratstone մակնիշի B 861 HC 777 RUS համարանիշի։

Պարզվել է նաև, որ Kia-ն վարել է 43-ամյա Արայիկ Չ.-ն․ նա ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ մահացածը Երևանի բնակիչ 68-ամյա Քնարիկ Պետիկյանն է։

Range Rover-ը տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, Սպիտակցի Հայկոն էլ ենթարկվել է բժշկական փորձաքննության։ Պարզվել է, որ նա եղել է սթափ։

Ըստ աղբյուրի՝ քննիչի որոշմամբ նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն, ինչից հետո պարզ կլինի՝ վրաերթի ենթարկվածը Kia-ի՞, թե՞ Rang Rover-ի հարվածից է մահացել։

Երկու վարորդները ստորագրությամբ ազատ են արձակվել։