Ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ըմբիշներ

Ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող վարկանիշային մրցաշարում հայ ըմբիշները դուրս են եկել եզրափակիչ՝ միևնույն ժամանակ ապահովելով Օլիմպիական խաղերի վարկանիշ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Արսեն Հարությունյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 10։2 հաշվով հաղթել է բելառուս Վլադիսլավ Ադրեևին։ Քառորդ եզրափակչում Հարությունյանը 10։5 հաշվով առավելության է հասել վրացի Բեկա Բուջիաշվիլու նկատմամբ, իսկ եզրափակչի ուղեգրի համար վստահ հաղթանակ է տոնել Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Յացենկոյի նկատմամբ՝ 10։0։ Այսօր կայանալիք եզրափակիչ գոտեմարտում Արսեն Հարությունյանը մրցելու է Գեորգի Վանգելովի հետ (Բուլղարիա):

Վազգեն Թևանյանը մեկնարկային գոտեմարտում պարտության է մատնել Բուլղարիայի ներկայացուցիչ Վլադիմիր Դուբովին՝ 11։0, ապա 1/8 եզրափակչում 7։5 հաշվով հաղթել է Նյուրգուն Սկրայբինին (Բելառուս): Քառորդ եզրափակչում աշխարհի գավաթի անհատական խաղարկության չեմպիոնը համառ պայքարում 6։4 հաշվով պարտության է մատնել Օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմեր Խինչեգաշվիլուն (Վրաստան), իսկ կիսաեզրափակչում հաղթել է Մագոմեդմուրադ Գաջիևին (Լեհաստան)՝ 4։2։ Չեմպիոնական գոտեմարտում Թևանյանի մրցակիցը լինելու է Հաջի Ալիևը (Ադրբեջան):

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից Բուդապեշտի վարկանիշային մրցաշարին մասնակցում են նաև Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ). նրանք զրկվել են Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելու հնարավորությունից, սակայն այսօր մասնակցելու են սփոփիչ գոտեմարտերի: Մարտի 20-ին պայքարի են դուրս գալու հունահռոմեական ոճի ըմբիշներ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Հիշեցնենք, որ Բուդապեշտում ուղեգիր են նվաճելու միայն եզրափակիչ դուրս եկած մարզիկները: Եվս մեկ վարկանիշային մրցաշար նախատեսված է մայիսի 6-9-ն անցկացնել Սոֆիայում (Բուլղարիա)։

Հավելենք՝ այժմ Հայաստանն Օլիմպիական խաղերի 6 ուղեգիր ունի․ ավելի վաղ ուղեգրեր էին նվաճել բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:

--00--ԱԹ