ՔԿՀ բժիշկները 4-5 մետրից նայում են Մանվել Գրիգորյանին, գրում՝ առողջ է․ փաստաբանի բողոքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

ՄԻՊ-ի հայտարարությունը զուսպ էր, աշխատանքը՝ պրոֆեսիոնալ, հայտարարությունը համապատասխանում էր իրականությանը: 24News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

«Մանվել Գրիգորյանին կալանավորելուց մեկ ամիս անց բարձրաձայնում էի, որ  առողջությունը վատանում է, շաքարի ցուցանիշը եղել է 7 տոկոս, երեկվա դրությամբ՝ 26 տոկոս, այսինքն՝ մի քանի անգամ բարձրացել է։

Երբ հայտարարում էինք, որ սա խոշտանգում է, նկատի ունեինք, որ եթե դու՛՝ պետությո՛ւն, չես կարող մարդու առողջությունը պահել այն վիճակում, որ կալանավորն իրեն հարմարավետ զգա, ապա բարի եղիր կա՛մ միջոցներ ձեռնարկել, կա՛մ բաց թողնել», - ասել է Գրիգորյանի պաշտպանը։ Անդրադառնալով հարցին՝ ՄԻՊ-ի արձագանքն ուշացա՞ծ էր, թե՞ ժամանակի՞ն, Արսեն Մկրտչյանը պատասխանել է․ «Ես չէ, որ պետք է ՄԻՊ-Ի արձագանքին գնահատական տամ: Այդպիսի հայտարություն անելու համար, անհրաժեշտ էր հարցումներ անել՝ հաշվի առնել բժշկի եզրակացությունը: Կարծում եմ, որ ուշացած չէր»:                                                                           

Հարցին՝ հայտարարությունից հետո կարո՞ղ է փոփոխություն լինել, պաշտպանը կարծիք է հայտնել, որ եթե դատավորը լինի այն դատավորը, որը կալանքն է տվել և շարունակում է երկարաձգել այն, նրա վրա կարող է ազդեցություն ունենալ ՀՔԾ պետի մամուլի ասուլիսները կամ որոշ պաշտոնյաների լայվեր:  

Դատաբժշկական փորձաքննությունը երկու շաբաթ առաջ է նշանակվել, սակայն առայժմ ոչ մի գործողություն չի արվել: Հարցադրմանը՝ կա՞ն արդյոք ժամկետներ՝ որքան ժամանակում պետք է կատարվի փորձաքննությունը, և առհասարակ ինչո՞վ է պայմանավորված ուշացումը։                                                            

«Դա պայմանավորված է մեր պաշտպանյալի նկատմամբ բացասական վերաբերմունքով:  Կարծում եմ՝  փորձագիտական կենտրոներից նման ակնկալիքներ չենք ունենա: Այն բժիշկները, որոնք աշխատում են քրակատարողական վարչությունում, նորմալ չեն ստուգում, գնում 4-5 մ տարածության վրա, նայում են Մանվել Գրիգորյանին, առանց որևէ բժշկական սարքավորումների, հետո գրում՝ առողջ է: Այսինքն՝ նպատակաուղղված ուզում են այս մարդուն կալանքի տակ պահել»: