ՀՀ ֆինանսական համակարգը կայուն է, կայացած․ ԿԲ խոսնակի խորհուրդը՝ «վաճառվող լուր» գրողներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

ՀՀ ԿԲ մամուլի խոսնակ Հարություն Կբեյանը ֆեսյբուքյան էջում գրել է․

«Այսօր առավոտյան օրաթերթերից մեկում լույս տեսած «լուրը» իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին, նմանատիպ լուր-հորինվածքները բացասական սպասումներ առաջացնելու և արհեստական վարքագիծ ձևավորելու միտում են պարունակում։ Այս իսկ պատճառով հորդորում եմ ԶԼՄ-ներին գնաճ/ինֆլյացիա/, փոխարժեք, պահուստներ, ավանդներ, վարկեր և ֆինանսական համակարգին վերաբերվող եզրույթները և թեմաները արհեստականորեն չդարձնել «վաճառվող լուր»: 

Այսօր ՀՀ ֆինանսական համակարգը կայուն և կայացած համակարգ է, և բոլոր վերոնշյալ թեմաներին հորինված անդրադարձը հանրության շրջանում կարող է առաջացնել անհարկի սպասումներ, որոնք տեղին չեն երկրի երկարաժամկետ զարգացման տեսանկյունից: 

Ավելացնեմ, որ բոլոր վերոնշյալ թեմաներով մտահոգ ԶԼՄ-ներին ՀՀ Կենտրոնական բանկը պատրաստ է տալ իր լիազորությունների և պրոֆեսիոնալ կարողությունների շրջանակներում սպառիչ և բովանդակային պատասխաններ»։