Եթե նոր հանգամանքներ չբացվեն, մեր զոհերի թիվը 4 000-ից չի անցնի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Փաշինյան

Արցախյան 44-օրյա պատերազմում մեր զոհերի` պաշտոնապես հաստատված թիվը 3 250 է: Այս մասին այսօր Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց` այս թիվը պաշտոնապես հաստատված է, այսինքն՝ մահվան վկայականներով արձանագրված է:

«Մենք ունենք 189 ծնող, ընտանիք, որ ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի: Այո, ունենք անհետ կորածների բավական մեծ ցուցակ, բայց այն պետք է ճշգրտվի, որովհետև նրանցից, օրինակ, 10 հոգի հանդիպել են ամենատարբեր հանգամանքներում, նույնիսկ Զվարթնոց օդանավակայանում` Հայաստանից մեկնելու փորձի ժամանակ»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ հայկական կողմն առանց այդ էլ շատ զոհեր է ունեցել, պետք չէ քաղաքական շահարկման նպատակով այդ զոհերի թիվը կրկնապատկել, եռապատկել, քառապատկել: Նա վստահեցրեց` եթե ինչ-որ նոր հանգամանք չբացվի, ինչը շատ քիչ հավանական է, որ կբացվի, մեր զոհերի թիվը 4000-ից չի անցնի:

«Սա էլ շատ մեծ թիվ է, բայց ինչի համար են զոհվել մեր տղաները, զոհվել են, որ Արցախն այսօր լինի»,- նշեց վարչապետը:

--00--ԱԹ