Խաղի կանոնները փոխել չի կարելի, ճգնաժամը լուծելու կամքը կորչում է. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Արտահերթ ընտրությունները պետք են, որ եղած ճգնաժամից դուրս գանք, իսկ Ընտրական նոր օրենսգրքով ընտրություն անցկացնելու դեպքում նոր ճգնաժամ կստեղծվի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխություններին:

«Մենք ասել ենք` եթե Օրենսգիրքը փոխվի էլ, ընտրություններին մեր մասնակցութան որոշումը չի փոխվելու, բայց խաղի ընթացքում խաղի կանոնները չի կարելի փոխել: Այս օրենսգիրքն ամբողջությամբ հում է, մենք առաջարկում ենք՝ այս հում օրենսգիրքը հիմա չընդունվի, դրանով չգնանք արտահերթ ընտրությունների»,- նշել է նա:

Մարուքյանի խոսքով` ընտրության օրը հայտարարվել է գործող խաղի կանոնների լույսի ներքո, իսկ նոր խաղի կանոններ ընդունելը նշանակում է ընտրության օրը կասկածի տակ դնել, ճգնաժամը խորացնել երկրում, հետևաբար` ճգնաժամը լուծելու կամքը կորչում է:

Ըստ պատգամավորի` այս ընտրությունների յուրաքանչյուր ուժ կունենա միջինը մինչև 30, մեծ ուժերը` 50 տեղ. սակայն նա այս ընտրություններում չի տեսնում, որ որևէ ուժ անգամ 40 տոկոս հավաքելու հնարավորություն ունի:

«Ժողովուրդը կուսակցություն է ընտրելու՝ լիդերի համար, սակայն լինելու են պատգամավորներ, որոնց ժողովուրդը չի ընտրում: Այսինքն՝ ժողովուրդն ընտրելու է լիդերի կամ եռյակի, բայց ընտրվելու են մարդիկ, որ չէին ընտրվի, եթե ժողովրդի դատի առաջ կանգնեին: Սրա մասին շատ է խոսվել, որ հանրությանը անհայտ մարդիկ դառնում են պատգամավոր»,- ասել է Մարուքյանը:

--00--ԱԹ