Բացահայտվել են անասնագողության դեպքեր. մորթել են հենց գոմի մոտ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները, համագործակցելով Սեւանի քննչական բաժնի հետ, նախկինում կատարված անասնագողության երկու դեպք բացահայտեցին:

Գյուղացու համար խոշոր եղջերավոր մեկ անասունի կորուստն, անգամ, նյութական լուրջ վնաս է: Իսկ այս դեպքում խոսքը մեկ կամ երկու կենդանու մասին չէր:

Առաջին դեպքը բաժնում գրանցվել էր նոյեմբերի 4-ին: Այգուտի գյուղացիներից մեկը ոստիկանություն էր զանգել ու հայտնել, որ գիշերն իր անասնաֆերմայից գողացել են չորս խոշոր եղջերավոր անասուն, եւս երկուսն էլ անասնագոմի մոտ թողել մորթված: Բայց մինչ օպերատիվ խմբի Այգուտ հասնելը, իրավիճակը փոխվել էր, գյուղացին երեքին գտել էր, մնում էր պարզել, մյուս երեքին ով է մորթել: Պատճառված վնասի չափը մոտ 2.200.000 դրամ էր:

Ոստիկանները գողությունը կատարած անձանց եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ էին ծեռնարկում, երբ նոյեմբերի 14-ին բաժնում անասնագողության նոր հաղորդում ստացվեց. Դրախտիկ գյուղի բնակիչը հայտնում էր, որ նոյեմբերի 13-ի ժամը 17.00-ից մինչեւ նոյեմբերի 14-ի ժամը 07.30-ն, իրենց անասնագոմի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են ու գողացել ցլիկ՝ պատճառելով մոտ 350.000 դրամի վնաս:

Դեկտեմբերի 14-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներով, պարզվել է, որ նշված հանցագործությունները կատարել են Հրազդանի բնակիչներ Արթուր Պ-ն եւ Սահակ Խ-ն: Նոյեմբերի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, նրանք` նախնական համաձայնության գալով, եկել են Այգուտ գյուղ, տուժողի անասնագոմից հանել երեք գլուխ խոշոր եղջերավոր անասուն, տեղում մորթել, հետո մորթած անասուններից մեկի միսը տեղավորել են Սահակ Խ-ի «Օպել Աստրայի» մեջ ու տեղափոխել Հրազդան, իսկ մյուս երկու անասուններին, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, չեն կարողացել մեքենայով տանել, թողել են գոմի դիմաց: Նոյեմբերի 14-ին էլ, նույն եղանակով, Դրախտիկ գյուղից են ցլիկը գողացել:

Կասկածյալները բերման են ենթարկվել:

Հանգամանքները պարզվում են

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: