Առաքել Մովսիսյանի քրեական գործն ԱԱԾ-ն կարճել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի վերաբերյալ քննվող քրեական գործն ԱԱԾ-ն կարճել է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ծաղկաձորում կայացած ասուլիսին ասաց ՀՀ Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը: Նրա խոսքով, երբ անձը ինքնակամ հանձնում է զենք-զինամթերքը, ապա որոշակի պայմանների առկայության դեպքում քրեական գործը կարճվում է:

ԱԱԾ-ն 2018 թ. հուլիսին խուզարկություն էր իրականացրել «Շմայս» մականունով հայտնի Առաքել Մովսիսյանի բնակարանում, որից հետո բերման էր ենթարկել նրան:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն իրեն պատկանող տարածքներում ապօրինի պահում է զենք եւ ռազմամթերք: ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը, փոխադրելը եւ պահելը:

Առաքել Մովսիսյանն Այգեկ գյուղի ամայի տարածքում գտնվող երկու տարբեր թաքստոցներից՝ հողածածկույթի տակից հանել ու կամովի հանձնել է զենքն ու ռազմամթերքը, մասնավորապես՝ «ԱԿՄ» տեսակի 2 ինքնաձիգ, որից մեկը՝ փողատակային նռնականետով, «ՌՊԿ» տեսակի մեկ գնդացիր, «Բելկա» տեսակի 1 համակցված հրացան, 3 որսորդական հրացան, տարբեր տրամաչափի թվով 162 փամփուշտներ: Զենքն ու ռազմամթերքը կամովին հանձնելու հիմքով Առաքել Մովսիսյանը ազատ է արձակվել: