Գոռավանցին ծեծել էր համագյուղացուն, տեղափոխել հիվանդանոց, բայց ասել էին՝ մահացածը ընկել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Մարտի 7-ին՝ կեսգիշերն անց, «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով 58-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տղամարդը Գոռավան գյուղից է: Վնասվածք ստացողն անգիտակից վիճակում էր, իսկ նրան բուժհաստատություն տեղափոխած 28-ամյա համագյուղացու գրավոր բացատրության համաձայն՝ վնասվածքը ստացել էր գյուղի փողոցներից մեկում ընկնելու հետևանքով: Նյութերի նախապատրաստման ընթացքում գյուղի հինգ բնակիչ ևս նույնն էին փաստել։ Սակայն իրավապահներն օրեր անց այլ բան պարզեցին։
Մարտի 14-ի առավոտյան նույն դեպքի վերաբերյալ Արարատի բաժին երկրորդ ահազանգը ստացվեց, այս անգամ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնից։ Մայրաքաղաք տեղափոխված 58-ամյա տղամարդը, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել էր։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ համագյուղացիները թաքցրել էին դեպքի իրական հանգամանքները։ 58-ամյա տղամարդուն դիտավորությամբ էին վնասվածք պատճառել։
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Հետախուզական ծավալուն միջոցառումներ սկսվեցին, որոնց միացան ոստիկանության Արարատի մարզային վարչության և Վեդիի քննչական բաժնի ծառայողները։ Փոխգործակցությունը մարտի 17-ին դրական արդյունք տվեց։
Իրավապահները պարզեցին, որ տուժողին բռունցքներով ծանր մարմնական վնասվածք էր պատճառել Գոռավան գյուղի 28-ամյա այն բնակիչը, որը նրան հիվանդանոց էր տեղափոխել, իսկ ոստիկաններին հավատացրել, թե համագյուղացին ընկնելու հետևանքով էր վնասվածքը ստացել։

Նույն օրը կասկածվողը հրավիրվեց ոստիկանության Արարատի բաժին և ներկայացվեց նախաքննական մարմնին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք։

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 28-ամյա տղամարդը կալանավորվել է և տեղափոխվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

--00—ԼՄ