Ինչո՞ւ ես լռում, վախենո՞ւմ ես քննադատել Պուտինին. Լուկաշենկոն՝ Փաշինյանի հետ զրույցի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ շփումներին՝ պատմելով Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում Ադրբեջանին զենքի վաճառելու իրենց զրույցը:

«Պուտինի ներկայությամբ ասացի. «Նիկո՛լ, արի ամեն ինչ իր տեղը դնենք. ո՞վ է Ադրբեջանին զենք վաճառելու հարցով առաջին տեղում, ո՞վ՝ Ռուսաստանը: Իսկ ինչո՞ւ ես լռում ՝ ասա նրան (նկատի ունի Պուտինին), դե՛, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին, վախենո՞ւմ ես: Իսկ երկրորդ տեղում ո՞վ է՝ Իսրայելը, երրորդը՝ Թուրքիան, դե իսկ չորրորդը, հաշվի առնելով «Պոլոնեզ»-ը, Բելառուսը: Ինչի՞ համար ես հարձակվում բելառուսների վրա: Հարձակվում ես յուրայիններիդ վրա, որ ուրիշներն ինչ-որ բա՞ն հասկանան: Այդ դեպքում ասա, ես կլռեմ: Ահա այդպիսի խոսակցություն է եղել», - պատմել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը պատասխանել է Բելառուսի հասցեին հնչած այն քննադատություններին, որոնք կապված են Ադրբեջանին զենք, բելառուսական «Պոլոնեզ» վաճառելու հետ: Լուկաշենկոն նշել է, որ դրա համար մեղադրելու կարիք չկա, քանի որ ինքը «Պոլոնեզի» փորձարկմանը հրավիրել էր և՛ ադրբեջանական, և՛ հայկական, և՛ ռուսական կողմերին, որպեսզի նրանք համոզվեին, որ դա բարձր ճշգրտությամբ զենք է:

«Ադրբեջանցիները խնդրում են, որ վաճառենք, իսկ մենք էլ պետք է վերադարձնենք վարկը, որ վերցրել ենք դրա համար․․․ Եվ այդ ժամանակ ասացի, որ կվաճառեմ այն ադրբեջանցիներին: Հայերին էլ եմ համարժեք համակարգ առաջարկել, բայց նրանք հրաժարվեցին՝ ասելով, որ ունեն ռուսական «Իսկանդեր», որը զորահանդեսի ժամանակ են ցույց տվել: Եվ մենք ադրբեջանիցների խնդրանքով զորահանդեսի համար պատրաստեցինք համակարգը: Երևի դրանումն է իմ մեղքը, որ ես փորձեցի զորահանդեսի համար այդ համակարգը պատրաստել: Բայց չէ՞ որ ես հայերին էլ եմ առաջարկել, նրանք ասացին, որ պետք չէ», - ասել է Լուկաշենկոն: