33-ամյա գետամեջցին կոտրել էին համագյուղացու ամառանոցի դուռն ու կենցաղային իրեր գողացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Մարտի 19-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գետամեջ գյուղի մի ամառանոցից գողություն են արել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ մարտի 14-19-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին ամառանոցի մուտքի դուռն ու գողացել կենցաղային իրեր:

Բացահայտման աշխատանքներին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողներից զատ, միացան նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները, որոնց պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ էլ տեղեկություններ ստացվեցին, որ  գողությունը հնարավոր է կատարած լինի Երևանի Ազատամարտիկների փողոցի 33-ամյա մի բնակիչ:

Նույն օրը կասկածվողը հայտնաբերվեց Գետամեջ գյուղում և բերման ենթարկվեց ոստիկանության Նաիրիի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

--00—ԼՄ