Վերաքննիչ դատարանը մերժել է «Քոչարյանը՝ ընդդեմ Փաշինյանի» գործով բողոքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 14-ին Վերաքննիչ դատարանը որոշել է մերժել Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ բողոքը։ Այս մասին 24News-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան պատասխանողին որոշակի գործողություններ արգելելու վերաբերյալ, ինչը սակայն առաջին ատյանի դատարանը  հոկտեմբերի 19-ի որոշմամբ մերժել է:

Դատարանի այս որոշման դեմ Հայկ Ալումյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարան։

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան  հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին: 

Հայցադիմումի առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն էր, ըստ որի՝ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը. «․․․Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝  կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: