Ոստիկանությունում աշխատավարձերը բարձրացվեցին․ կառավարությունը հաստատեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News 

ոստիկանություն

Կառավարության հերթական նիստում որոշվել է բարձրացնել ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը:

 Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ներկայումս ոստիկանության պարեկային ստորաբաժանումները՝ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գունդը, մարզային վարչությունների ենթակա բաժինների ՊՊԾ դասակները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանությունը, համապատասխանաբար ըստ ծառայությունների, ներգրավում են հասարակական կարգի պահպանման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրների իրականացմանը և օժանդակում հանցավորությանը հակազդելու քրեական հետախուզության ստորաբաժանումների գործունեությանը:

Որոշման նախագծով առաջարկվող հավելումների հաստատման դեպքում ՊՊԾ-ում նոր ընդունվող կրտսեր պարեկների ամսական աշխատավարձները, համապատասխանաբար ըստ ստաժների, կազմելու է՝ 320․000 դրամ կամ այսօրվա՝ 190․552 դրամից 129.448 դրամով, 67,9 %-ով ավելի և 325.584 դրամ, այսօրվա՝ 192․921 դրամից 132․663 դրամով կամ 68,8 %-ով ավելի։

Ոստիկանության լեյտենանտ կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 371.373 հազ. դրամի չափով, որը այսօրվա ՊՊԾ ամենաբարձր (4-րդ հատուկ գումարտակի ծառայողներ) ցուցանիշը գերազանցում է 78․654 դրամով, 26,9 % ով, իսկ սովորական չափը (օրինակ մարզային վարչությունների ՊՊԾ դասակի ծառայողներ)՝ 183.054 դրամով, կամ 97,2 %-ով։

Նույն կարգով, ոստիկանության ավագ լեյտենանտ կոչումով և 5-10 տարվա ստաժով պարեկի ամսական աշխատավարձը կազմելու է 402․181 դրամ, կամ վերը նշված ամենաբարձր ցուցանիշից 88.265 դրամով, 28,1 %-ով, իսկ սովորական չափից՝ 198.565 դրամով, 97,5 %-ով ավելի և այլն։

--00—ՄՀ