Լուկաշենկոն չի հրապարակել, թե ինչ պատասխաններ է ստացել Փաշինյանից․ Արման Եղոյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին զենք վաճառելու հարցը չի բարձրացնում նաև Ռուսաստանի առաջ:  «Արմենպրեսի» հետ զրույցում Եղոյանն ասել է.

«Անդրադառնալով պարոն Լուկաշենկոյի հայտարարությանն՝ անհրաժեշտ եմ համարում անել մի քանի կարևոր արձանագրում:

 Ցավոք, պարոն Լուկանշենկոն շարունակում է փակ հանդիպումների բովանդակությունը հրապարակելու պրակտիկան:

Ցավոք, պարոն Լուկաշենկոն հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը և չի հրապարակել  այն, թե ինչ պատասխաններ է ստացել ՀՀ վարչապետից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ քննարկումներում մշտապես, այդ թվում պարոն Լուկաշենկոյի հիշատակած հանդիպման ընթացքում մասնավորապես, բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրահարույց հարցը:

Հայաստանը տրամադրված է շարունակել քննարկումները ՀԱՊԿ շրջանակում՝ կազմակերպության անդամ երկրների փոխադարձ դաշնակցային պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու ուղղությամբ»: Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպմանը պատմել է, թե Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում ինչ խոսակցություն է եղել Փաշինյանի հետ։ Նա, մասնավորապես, նշել է․ «Պուտինի ներկայությամբ ասացի.«Նիկո՛լ, արի ամեն ինչ իր տեղը դնենք. ո՞վ է Ադրբեջանին զենք վաճառելու հարցով առաջին տեղում, ո՞վ՝ Ռուսաստանը: Իսկ ինչո՞ւ ես լռում ՝ ասա նրան (նկատի ունի Պուտինին), դե՛, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին, վախենո՞ւմ ես»: