Ծեծկռտուք՝ Աբովյանում. մի քանի նորհաճնցի մարկետի տնօրենի պարանոցից ոսկյա շղթա են հափշտակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1

Մարտի 24-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, սուպդորալ հեմատոմա հարցականով, ուղեղային կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Գետարգել գյուղի բնակիչ, 25-ամյա Գեղամ Խալաթյանն է, ում մայրը ոստիկաններին հայտնել է, որ տղան ծեծի է ենթարկվել Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «գաի պոստի»-ի հարևանությամբ գտնվող «Գաի» մարկետում։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ Գ. Խալաթյանը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, և մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Գ. Խալաթյանին ծեծի են ենթարկել Նոր Հաճն քաղաքի բնակիչներ, 45-ամյա Ղևոնդ Դավթյանը, 42-ամյա Վիգեն Շիրինյանը և ինքնությունը դեռևս չպարզված 2 անձինք։

Ժամեր անց ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ ոստիկանության Կոտայքի բաժնի և Աբովյանի քննչական բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01։00-ի սահմաններում, «Գայի» սուպերմարկետ են մտել 2 անձինք, որոնցից մեկը վիճաբանել է Գ. Խալաթյանի հետ, որը, ըստ աղբյուրի, աշխատում է որպես գանձապահ, որից հետո քաշքշուք է ստեղծվել, ու այդ ժամանակ խանութ են մտել ևս 2-3 հոգի և շարունակվել է ծեծկռտուքը, որի ժամանակ, Գ. Խալաթյանը ուշագնաց է եղել, վայր ընկել, և վիճաբանության մասնակիցներից մեկը ոտքով հարվածներ է հասցրել ընկածի գլխին, որից հետո այդ անձինք կոտրել են խանութի որոշ գույք և հեռացել։

Ըստ Կոտայքի բաժնում ստացված օպերատիվ տվյալների՝ ծեծկռտուքին մասնակցել են  մարկետի տնօրեն Վարդգեսը, Էդվարդը, Գարիկը և Բենոն։ Ժամեր անց ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձինք են Նոր Հաճն քաղաքի բնակիչներ Վ. Շիրինյանը, Ղ. Դավթյանը, 42-ամյա Արտակ Օհանջանյանը և 40-ամյա Արման Միրզոյանը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Նույն օրը՝ կեսօրին ոստիկանության, Կոտայքի բաժին է դիմել Վերին Պտղնի գյուղի բնակիչ՝ 37-ամյա  Վարդգես Հովսեփյանը և հայտնել, որ «Գայի» մարկետի տնօրենն է և որ  նույն օրը՝ ժամը 01։15-ի սահմաններում, իրեն պատկանող մարկետում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ իրեն անծանոթ անձանցից մեկը իր պարանոցից քաշելով պոկել է իրեն պատկանող մոտ 68 գրամ կշռով ոսկյա շղթան և հեռացել։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի ինքնությունը, որը տնօրենի պարանցից հափշտակել է ոսկյա շղթան։

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում ծեծկռտուքի և կողոպուտի փաստով։

  --00—ԼՄ