Մեր հավաքական պատասխանատվության շնորհիվ միայն կարող ենք մեղմել մեր ժողովրդի հոգսերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

հասարակական

Արցախին և ողջ հայությանը պատուհասած այս դժվարին ժամանակներում յուրաքանչյուրիս անհատական ջանքերի և մեր հավաքական պատասխանատվության շնորհիվ միայն կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերներն ու մեղմել մեր ժողովրդի հոգսերը։ Այս մասին ասվում է Արցախ Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ուղերձում։

«Հենց այս հստակ գիտակցումով ստանձնում եմ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը՝ որպես հայրենիքիս և ժողովրդիս անմնացորդ ծառայելու և իմ բաժին պատասխանատվությունը պատվով կրելու նվիրական առաքելություն:

Պատիվ ունեմ ղեկավարելու մի կառույց, որը ինչպես նախկինում, այնպես էլ 44-օրյա պատերազմի ընթացքում իր կատարած աշխատանքով արժանացել է հանրության բարձր վստահությանը, և սահմանված նշաձողը ոչ միայն պետք է բարձր պահել, այլ անել ավելին՝ արդարացնելու հանրության ակնկալիքներն ու սպասումները:

Արժանին մատուցելով Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Յուրի Հայրապետյանին, Ռուբեն Մելիքյանին և Արտակ Բեգլարյանին կառույցի կայացման գործում իրենց ավանդի համար՝ ակնկալում եմ նրանց աջակցությունը՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պատշաճ պաշտպանության:

Իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան պարոն Արման Թաթոյանին՝ շնորհավորանքի և երկու կառույցների միջև արդեն իսկ առկա օրինակելի համագործակցությունը շարունակելու պատրաստակամության համար:

Շնորհակալ եմ բոլորին իմ նկատմամբ ցուցաբերված վստահության, շնորհավորանքների և ոգևորող բարեմաղթանքների համար», - ասված է ուղերձում։

--0--ԿԿ