Սիլիկյան թաղամասի պլաստմասայի արտադրամասում բռնկված հրդեհը մարել են. այրվել է հումքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

նկար

Մարտի 27-ին՝ ժամը 11։14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող պլաստմասայի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

նկար

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 13/2 շինության կիսանկուղային հարկում։

նկար

Ըստ նախնական տվյալների 600 քմ պահեստային տարածքում այրվում է պլաստմասայի արտադրության համար նախատեսված հումք և դետալներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։23-ին, մարվել՝ 14։16-ին։

--00—ԼՄ