Մարդն իր քմահաճույքներով է ղեկավարում պետությունը և որ ամենավտանգավորն է՝ ազգակործան ձևով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԵՊՀ-ն իմ Ալմա մատերն է, ես համալսարանական եմ և ստացածս կրթության համար մեծապես պարտական եմ և շնորհակալ մայր ԲՈՒՀ-ին... Այն համահայկական արժեք է։ Հատուկ արժեքներ չունեցողների համար կրկնեմ՝

ԵՊՀ-ն ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԺԵՔ Է

2020թ ամռանը՝ վարչապետ-ԻՔ խմբակցության հանդիպումներից մեկի ժամանակ, բազմաթիվ հարցեր հնչեցին։ Դրանցից մի քանիսը կոնկրետ ինձ համար շատ կարևոր էին և կախված պատասխաններից՝ որոշելու էի հետագա քայլերս։ Չեմ անդրադառնա բոլոր դետալներին, բայց մեկի մասին ստիպված եմ այսօր խոսել, քանզի պարզվեց, այդ օրը հնչեցրած վարչապետի անլուրջ թվացող միտքը սկսում է հետզհետե «միս և արյուն ստանալ»՝ ինչպես և շատ այլ առաջին հայացքից թյուրիմացություն թվացող մտքեր։ Ուստի պետք է հիմիկվանից սկսենք լրջագույն պայքար՝ դրա դեմն առնելու համար։

Հուսամ շատերը դեռ հիշում են տխրահռչակ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկին, ով հիմա գործող վարչապետի գլխավոր խորհրդականն է։ Հանրությունը շատ հիմնավոր պատճառներով պահանջում էր նրա հրաժարականը։

Քաղաքական թիմում ևս նրա աշխատանքից դժգոհողներ կային(ինքս գլխավոր քննադատներից մեկն էի...)։

Հարց տրվեց վարչապետին, թե ինչպե՞ս է գնահատում շուրջ 1,5 տարի անց ԿԳՄՍ նորաստեղծ նախարարության կառուցվածքը, արդարացնու՞մ է ակնկալիքները,արդյունավե՞տ է արդյոք գործում նախարարը...

Պատասխանն ուղղակի ապշեցնող էր և վստահ եմ՝ շատերի համար անսպասելի։ Հայտնի անձը, իրեն հարիր ոճով, միանգամից սկսեց անորակ մանիպուլյացիաները (դրանք հիմնականում աշխատում են միջինից ցածր ինտելեկտ կամ անձնական շահ ունեցող մարդկանց վրա...), որոնց կուլմինացիան հետևյալն էր.

- Ես կարծում եմ, որ քանի համալսարանական շենքերը գտնվում եմ Երևանում, կրթությունն ու գիտությունը ուղղակի չեն կարող զարգանալ։ Դրանք պետք է քաղաքից դուրս տեղափոխել...(շարունակությունն արդեն այսօր հանրայնացրել է «փայլուն» մտքի հեղինակը)։

Կողքիս նստած պատգամավորները վստահ եմ, կհիշեն զարմանքս(մեղմ ասած...)։ Իհարկե, շոկային էր, բայց գոնե ինձ թվաց, որ դա ասվեց՝ զուտ հարցի պատասխանից խուսափելու համար...

Այսօր փաստորեն տվյալ անձը հաստատում է իր այդ կործանարար միտքը։ Ամեն ինչ շատ ավելի լուրջ է,քան մեզ թվում է։ Վաղուց էր ավելի լուրջ

Մարդն իր քմահաճույքներով է ղեկավարում պետությունը և որ ամենավտանգավորն է՝ ազգակործան ձևով ։

Ուղղակի անհասկանալի է, թե ինչպես են հանրության լայն շերտեր լուռ հետևում այդ կործանմանը։

հ.գ. այդ նույն քննարկման ժամանակ նաև պարզվեց, որ Լոնդոնը բավական տգեղ քաղաք է... Դե պատկերացրեք, թե ու՞մ հետ գործ ունենք և ի՞նչ է սպասվում Երևանին...

հ.գ.գ. այդ օրը վերջնական համոզվեցի, որ նրա հետ խոսել ԿԳՄՍ խնդիրներից ուղղակի անիմաստ է և մնում է միայն հեռանալ»։

--00—ՄՀ