Իր գործառույթները կատարող մասնագետն աշխատանքից չի զրկվի. Հակոբ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, շրջայց կատարել առանձնացված ստորաբաժանումներում։ Նախարարի պաշտոնակատարին ուղեկցում էր օդային տրանսպորտի քաղաքականության իրականացման պատասխանատու, նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը:

Նախարարի պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը, կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ։

Քննարկվել է կառավարության կողմից նախաձեռնած պետական կառույցների օպտիմալացման ծրագրին վերաբերող մանրամասներ։

«Որեւէ մասնագետ, որն իր տեղում է եւ կատարում է իր գործառույթները, չի զրկվելու աշխատանքից, աշխատավարձի ցածրացում չի ունենալու. օպտիմալացման նպատակը մինչ այս պետական համակարգում տեղ գտած ձեւական կառույցներն ու հաստիքները վերացնելն է, ավելորդ եւ ուռճացված ծախսերի կրճատումը»,- մանրամասնեց նախարարը։

Հարց ու պատասխանի ընթացքում խորհրդակցության մասնակիցներն անդրադարձան Քաղավիացիայի կոմիտեի` նախարարությանը միանալու գործընթացի մանրամասներին։ Նախանշվեցին ժամկետները, որոնցում կոմիտեի ղեկավար կազմը պիտի քննարկի եւ ներկայացնի եռամսյա պլանը, թե ինչպես է պատկերացնում կառուցվածքային փոփոխությունները, եւ զարգացմանն ուղղված ինչ առաջնահերթություններ կան։

Հակոբ Արշակյանը կոմիտեի նախագահի հետ շրջեց «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում, ծանոթացավ տեխնիկական հնարավորություններին, կարգավարների աշխատանքային պայմաններին։ «Հայաէրոնավիգացիա»-ի` բարձրակարգ տեխնոլոգիաներով եւ համակարգերով հագեցվածությունը թույլ է տալիս ապահովել թռիչքների անվտանգությունը` ժամանակակից մոտեցումների կիրառմամբ։

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ նավիգացիոն գործիքակազմի եւ ծրագրային միջոցների վերազինման աշխատանքներում կարելի է համագործակցել հայկական ինժեներական ընկերությունների հետ, որոնք այս ոլորտում լուրջ նախագծեր են իրականացնում արտասահմանյան շուկայի համար։

Բացի այդ, Հակոբ Արշակյանն առաջարկեց դիտարկել նաեւ բուհերի հետ գիտահետազոտական ուղղությամբ համագործակցության հնարավորությունը` հաշվի առնելով բավական մեծ տվյալների բազան, որը կուտակվում է «Հայաէրոնավիգացիա»-ի պահոցներում։ Նրա խոսքով` ոչ կոնֆիդենցիալ data-ն կարելի է տրամադրել այդ գիտահետազոտական աշխատանքներն իրականացնելու համար, ինչը կնպաստի ուսանողների` այս ոլորտում մասնագիտանալուն։

Նախարարի պաշտոնակատարին ներկայացվեցին նաեւ «Ավիաուսումնական կենտրոն»-ի աշխատանքն ու շենքային պայմանները։

Շրջայց կատարվեց նաեւ «Ավիաբուժ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում, որի բժշկական ծառայություններից օգտվում են ավիաանձնակազմը, օդանավակայանի անձնակազմն ու դրա հարակից տարածքներում ապրող մարդիկ։ Այստեղ լաբորատոր պայմաններում փորձաքննության են ենթարկվում նաեւ ավիասնունդն ու ջուրը։ Բժշկական կենտրոնն է տրամադրում նաեւ օդաչուներին, բորտուղեկցորդներին ու կարգավարներին իրենց առողջական վիճակի` աշխատանքին համապատասխանությունը վկայող բժշկական վկայականները։ Բացի բուժկենտրոնի շենքից, տերմինալում գործում են նաեւ երկու բուժկետեր։