Բակո Սահակյանը փոխեց կասկածելի լոյալությամբ զինվորականներին․ Վարդանով

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

 Հավանաբար, Նիկոլ  Փաշինյանի ազդեցության տակ Բակո Սահակյանը փոխեց կասկածելի լոյալությամբ զինվորականներին։ 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության ՊԲ-ում տեղի ունեցած կադրային փոփոխություններին։

«Դա նորմալ է, սարսափելի բան այդտեղ չեմ տեսնում, հատկապես, որ այդ պաշտոններում նոր նշանակված անձինք ռազմական  գիտելիքներով հարուստ մարդիկ են, որոնք ունեն ռազմական ակադեմիական կրթություն և  մեծ փորձ հրամանատարական գործում»,- նշեց նա։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանգրով պաշտոնից ազատվել է ՊԲ Լևոն Մնացականյանը, որին այդ պաշտոնում փոխարինեց Կարեն Աբրահամյանը։ Բակո Սահակյանի հրմանագրով ԱՀ ՊԲ գլխավոր շտաբի պետ նշանակվեց Ջալալ Հարությունյանը։

Մեր զրուցակցի  գնահատմամբ՝ պաշտոնական Երևանի կողմից այս հարցում որոշակի ճնշում է եղել Արցախի իշխանությունների վրա։

«Առանց դրա հնարավոր չէ բացատրել, թե ինչու նույն Արշավիր Ղարամյանին փոխեցին, Լևոն Մնացականյանին փոխեցին, այսինքն՝ բնական է, որ որոշակի ճնշում եղել է և բացի դրանից, պետք չէ մոռանալ, որ մենք ինչքան էլ խաղեր տանք, թե Արցախն առանձին երկիր է, այդուհանդերձ, Երևանի ազդեցությունը Ստեփանակերտի վրա շատ ուժեղ է։ Դա մենք ինքներս մեզ ենք խաբում, թե Ստեփանակերտն առանձին երկիր է, բայց աշխարհը մեր այդ խաղերին վաղուց արդեն չի հավատում»,- նկատեց Վովա Վարդանովը։

Մանրամասները՝ տեսանյութում։