Շարունակում են հատել հայ ժողովրդի կենսական շահերի բոլոր «կարմիր գծերը»․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

․

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում հայկական կողմի կապիտուլ յացիայի հետևանքով տարածաշրջանում ուժերի ռազմաստրատեգիական դասավորության փոփոխություն է տեղի ունեցել հօգուտ Թուրքիայի և Ադրբեջանի։ Եվ հիմա թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է իր ազդեցությունն ուժեղացնելու լրացուցիչ լծակներ ստեղծել։

Հենց դրանով է պայմանավորված, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով պարբերաբար զորավարժություններ են իրականացնում և համատեղ տարբեր ծրագրերի նախաձեռնությամբ հանդես գալիս։ Իսկ առավել հեռանկարային մասով Բաքվի և Անկարայի ցանկություններն ուղղակի վտանգ են ներկայացնում հայկական պետականության համար։ Հիմա գանք այս օրերի ամենաքննարկվող հարցերից մեկին. ի վերջո, պե՞տք է հարևանների հետ հարաբերությունները կարգավորել, թե՞ ոչ։

Իհարկե, անհրաժեշտություն է հարևան երկրների հետ հարաբերությունների կառուցումը, բայց հարցն այն է, թե ինչ գին է վճարվելու դրա համար։ Իսկ մյուս կողմից էլ՝ այդ հարաբերությունները պետք է լինեն փոխադարձ զուգահեռ հարթության վրա, այլ ոչ թե ուղղահայաց։ Այնինչ, թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է հասնել Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մի այնպիսի հանգրվանի, որում Հայաստանը հանդես գա անընդմեջ միակողմանի զիջումների գնացող կողմի դերում։

Իսկ գործող իշխանություններն էլ երկրի ուժերը վերականգնելուն միտված քայլեր ձեռնարկելու փոխարեն ընտրել են ամեն գնով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները վերականգնելու ճանապարհը՝ անկախ այն հանգամանքից, թե դա ինչ ծանր հետևանքներ կունենա մեր երկրի համար։ Օրինակ՝ որոշ ժամանակ առաջ արտգործնախարար Արա Այվազյանը, հաշվի առնելով Արցախի հետ կապված նոր իրողությունները, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե Թուրքիան այլևս որևէ պատճառ չունի փակ պահելու Հայաստանի հետ սահմանը։

Նկատի ունենանք, որ Թուրքիան միշտ ձգտել է հասնել նրան, որ Հայաստանի հետ սահմանների բաց կամ փակ լինելը անմիջականորեն կապվի Արցախյան հիմնախնդրի հետ, իսկ հայկական կողմը միշտ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու կողմնակից է եղել։ Փաստորեն այսպիսով Հայաստանը, ավելի ճիշտ՝ այս իշխանությունը, ընդունում է Թուրքիայի խաղի կանոնները։

Թերևս դրանով է նաև պայմանավորված, որ Թուրքիայի պաշտոնական շրջանակներն իրենց հայտարարություններում ի ցույց են դնում հատուկ շահագրգռվածություն, որպեսզի Փաշինյանը շարունակի պաշտոնավարել։ Ու սա քիչ չէ, իշխանությունները հիմա էլ հակվել են թուրքերի հետ «ախպերության» միջոցով իրենց իշխանությունը պահելու գաղափարին։

Բայց քանի որ Փաշինյանի իշխանությունն այս հարցում բախվելու է հասարակության համառ դիմադրությանը, ապա նրանք արդեն իսկ սկսել են նախևառաջ խոսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման «օգուտներից»՝ այն կապելով տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հետ։ Իսկ դրա համար պետք է փոխել Թուրքիայի՝ մեր հանրության շրջանում պատմականորեն արմատավորված թշնամու կերպարը։

Եվ այս համատեքստում պատահական չէ, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Թուրքիայի՝ շթնամի պետություն համարվելու հարցին, հայտարարում է, թե Հայաստանի մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, և իրենք այդ ուղղությամբ աշխատում են: Հասկանալի է, ԱԽ քարտուղարը ինքնագլուխ, «հենց այնպես» չէր նետել այդ թեզը: Եվ դա շուտով ապացուցվեց: Ընդամենը երկու օր անց Արմավիրի մարզ այցելության մեկնած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մենք պետք է փոխենք մեր դիտանկյունը տարածաշրջանի նկատմամբ՝ նկատի ունենալով Թուրքիայի հանդեպ վերաբերմունքը և նորից մեջբերելով իր խոսքերը թշնամանքի հետ կապված.

«Որքան մենք ենք համարում թշնամի, այդքան էլ մեզ են համարում թշնամի, էլի մենք ենք շատ համարում թշնամի, այդքան մեզ են ավելի շատ համարում թշնամի, ինչքան մեզ շատ են թշնամի համարում, այնքան մենք ավելի շատ ենք թշնամի համարում, մենք այս մասին պետք է մտածենք, մենք տարածաշրջանում պետք է Հայաստանի շուրջ ստեղծենք որոշակի բարենպաստ միջավայր»։

--00--ԱՀ