Աբու Դաբիում հայկական դատարկ տաղավարների մեղավորները պարզվել են. ԲՏԱ պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

աբու դաբի

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի փետրվարի 24-ի N 153-Ա հրամանով (այսուհետ՝ Հրաման) ծառայողական քննություն է նշանակվել՝ 2021 թվականի փետրվարի 21-25-ը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվող IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին հայկական ընկերությունների միասնական տաղավարում հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները սահմանված ժամկետում չհասցնելու և ցուցահանդեսին դրանց ցուցադրումը չապահովելու դեպքով: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

Հրամանի 2-րդ կետով սահմանված մեկամսյա ժամկետի ավարտին ծառայողական քննության շրջանակներում ծառայողական քննություն իրականացնող աշխատանքային խմբի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել հետևյալը. 

1) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ցուցանմուշների տեղափոխման մասով անհրաժեշտ էր միայն աջակցություն ցուցաբերել մասնակից ընկերություններին: Ինչ վերաբերում է ցուցանմուշների տեղափոխման ծախսերին, ապա նշենք, որ դրանք կատարվել են մասնակից ընկերությունների միջոցներով: Այսինքն, ցուցանմուշների տեղափոխման ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին չեն կատարվել: 

2) Բեռնափոխադրման հարցում մասնակից ընկերություններին աջակցելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից կցվել են աշխատակիցներ, ովքեր թերացել են իրենց պարտականությունների պատշաճ կատարման գործում․ Նախարարության երեք աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժի համապատասխան միջոցներ, մասնավորապես՝ երկու աշխատակից ստացել է «նկատողություն», իսկ մեկ աշխատակից՝ «խիստ նկատողություն»: 

3) Այնուամենայնիվ, ծառայողական քննություն իրականացնող աշխատանքային խումբը, անդրադառնալով ցուցահանդեսի արդյունքներին, արձանագրել է, որ ցուցահանդեսում հայկական տաղավարը եղել է գրավիչ, հետաքրքրություն է ներկայացրել նաև այցելուների համար: Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակիցների և ընկերությունների ներկայացուցիչների կողմից ձեռք են բերվել ավելի քան 150 գործնական կոնտակտներ, 50 նախնական պայմանավորվածություններ, հայկական տաղավար են այցելել մի քանի երկրների ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ պաշտոնական ներկայացուցիչներ: 

--00--ԱԹ