Կա ապագայի ճգնաժամ․ ականատես ենք լինում՝ ինչպես են ոմանք լքում երկիրը․ նախագահը՝ РБК-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News 

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին:

Իլյա Դորոնով- Պարոն նախագահ, նախ և առաջ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք խոսել այս պահին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ, քանի որ երկիրը կրկին հայտնվել է իր համար կրիտիկական նշանակություն ունեցող կետում: Ուստի իմ առաջին հարցն է՝ Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է քաղաքական իրավիճակն այսօր Հայաստանում: Ի՞նչ եք կարծում՝ վերջին շրջանում շատ չե՞ն քաղաքական ճգնաժամերը փոքր երկրի համար:

- Նախ, ուրախ եմ մեր հանդիպման համար: Ձեր հարցը և՛ հեշտ է, և՛ դժվար: Եթե մեր երկրում լիներ միայն քաղաքական ճգնաժամ, հնարավոր կլիներ ինչ-որ կերպ ապրել դրա հետ: Սակայն իրականում մեզ մոտ բազմաբաղադրիչ ճգնաժամ է: Մեզ մոտ հետպատերազմյան ճգնաժամ է, Ղարաբաղում տարածքների կորուստների ճգնաժամ, հազարավոր երիտասարդ կյանքերի ճգնաժամ, տնտեսական, առողջապահական ճգնաժամ՝ ինչպես և ողջ աշխարհում է: Մեզ մոտ կորոնավիրուսի հերթական ալիքն է: Բնականաբար, կա նաև բարոյահոգեբանական ճգնաժամ, քանի որ սա տանուլ տված պատերազմ էր: Ոմանց մոտ կա ինքնության ու ապագայի ճգնաժամ, այդ պատճառով այսօր ականատես ենք լինում, թե ինչպես են ոմանք լքում երկիրը:

Իլյա Դորոնով- Շատերը սկսել են խոսել այն մասին, որ Հայաստանից կրկին արտագաղթ է սկսվել:

- Կրկին սկսվել է արտագաղթ: Հայաստանում լինում են դրական ու բացասական միգրացիաներ: Կա նաև Սփյուռքի հետ կապված ճգնաժամ, քանի որ Հայաստանն ու Սփյուռքը ամուր կապված են, մի ամբողջություն են, և ցանկացած բան՝ դրական կամ բացասական, որ տեղի է ունենում Հայաստանում, անմիջապես արտացոլվում է մեր եղբայրների ու քույրերի վրա Բուենոս Այրեսում, Մարսելում կամ Մոսկվայում: Ճգնաժամերը շատ են: Իհարկե, կա նաև քաղաքական ճգնաժամ:

Մի քանի դիտարկում անեմ: Առաջինը. մեզ նման ժողովուրդը, մեր փոքր երկիրը պետք է ունենան ապագայի հստակ տեսլական, առաքելություն: Այսինքն, այդ տեսլականն այնքան հստակ ու ուժեղ պետք է լինի, որ առաքելություն դառնա։ Պետք է հստակ հասկանանք, թե ուր ենք գնում և ինչու:

Իլյա Դորոնով- Իսկ այն կա՞: Կա՞ն մարդիկ, ովքեր կարող են այն ձևակերպել:

- Կարծում եմ՝ այն չկա: Որպես Հանրապետության նախագահ՝ հատկապես հիմա ես փորձում եմ դանդաղ, հստակ դրույթներով հասկացնել, որ այն կարևոր է: Առաքելությունն անհրաժեշտություն է, և այն չպետք է բխի որևէ մեկից: Այն պետք է լինի մի առաքելություն, որը կքննարկեն շատերը, նրանք, ովքեր մտածում են երկրի ապագայի մասին:

Իլյա Դորոնով- Նաև Սփյուռքի՞ ներգրավմամբ:

- Բոլորի՝ նախ և առաջ Ռուսաստանի համայնքի, քանի որ այն ամենամոտն է:

Հաջորդը՝ ժամանակակից Հայաստանը հասկանալու համար մյուս կարևոր գործոնն այն է, որ, ցավոք, հստակ առաքելության, ծրագրի բացակայության պատճառով մենք, որպես զգացմունքային ժողովուրդ, սկսեցինք հավատալ մեր երազներին: Այսինքն, երազանքն իրականության տեղ ընդունեցինք, և դա հասավ անհասկանալի չափերի: Օրինակ, շատ հայեր հավատում էին, որ Հայաստանն այսօր մի երկիր է, որն ունի շատ ուժեղ գիտություն: Հայաստանը եղել է շատ հզոր գիտություն ունեցող երկիր, երբ Խորհրդային Միության մաս էր...

Իլյա Դորոնով- Ուզում եմ մի դիտարկում անել նրանց համար, ովքեր չգիտեն. իմ առջև նստած անձը ոչ միայն Հայաստանի նախագահն է, այլև՝ գիտնական: Այդ պատճառով էլ Դուք տեղյակ եք գիտությունից և կարող եք խոսել դրա մասին:

- Ցավոք, մեր Գիտությունների ակադեմիան այս 30 տարիների ընթացքում ավելի քան երեք անգամ կրճատվել է: Բարձրացել է աշխատակիցների միջին տարիքը: Շատ երիտասարդ գիտնականների համար ավելի հեշտ էր գտնել աշխատանք այլ համալսարաններում՝ Դուբնայում, Բերկլիում, ոչ Հայաստանում:

Իլյա Դորոնով- Ոչ Հայաստանի ներսում, ամենագլխավորը։

- Ամենավատն այն է, որ՝ ոչ Հայաստանի ներսում։ Մենք պատրանք ունենք, թե Հայաստանը ՏՏ ոլորտում բարձր մշակույթ ունեցող երկիր է: Այն, որ մենք ունենք ՏՏ «կղզիներ», փաստ է: Կարող եք գտնել այնպիսի հիասքանչ կղզի, ինչպիսին, օրինակ, ԹՈՒՄՈ-ն է: Անգամ Եվրոպայում նմանը չեք գտնի: Հայերը դրանից կառուցել են նաև Փարիզի կենտրոնում, քանի որ Փարիզի քաղաքապետը, մեզ մոտ տեսնելուց հետո, ցանկություն էր հայտնել իրենց մոտ նույնպես ունենալ այդպիսի կենտրոն: Սակայն դա կղզյակ է:

Եթե վերցնենք, ասենք, Բելառուսի օրինակը, նա մի քանի անգամ ավելի առաջ է, քան Հայաստանը: Իսկ ժամանակին մենք նույն կետից էինք սկսում...

Իլյա Դորոնով- Խորհրդային Միության փլուզումից հետո՞:

- Այո: Եվ Հայաստանի ներուժը շատ ավելին է, քան Բելառուսինը, եթե նայենք այն հայկական ընկերություններին, որոնք աշխատում են ԱՄՆ Սիլիկոնյան հովտում և հայերին, ովքեր աշխատում են մեծ ընկերություններում:

Ես 2019 թվականին ԱՄՆ-ում էի և այցելեցի Սիլիկոնյան հովիտ: Կարծում էի, թե ինձ հետ հանդիպման են գալու մոտ 100 մարդ, մինչդեռ եկել էին այնտեղ աշխատող շուրջ 1000 մարդ:

Իլյա Դորոնով- Հայե՞ր․․․

- Հայեր, որոնք աշխատում էին Սիլիկոնային հովտում։ Եվ նրանք բոլորը պատրաստակամություն էին հայտնում օգնել Հայաստանին: Հայաստանի ամենամեծ առավելությունն այն է, որ թեպետ փոքր երկիր է, սակայն մենք համաշխարհային ազգ ենք, որն ունի հսկայական մարդկային ներուժ, բայց մենք այն սխալ ենք օգտագործում:

Իլյա Դորոնով- Մարդկանց չե՞ք նկատում, թե...

- Ոչ, դա ունի քաղաքական պատմություն և հիմքեր: Անկախության առաջին տարիներին բոլորը հասկանում էին, որ Սփյուռքը մեր ուժն է, սակայն քաղաքական առաջնորդները, կուսակցությունները կամ կազմակերպություններն ասում էին, որ դրսում՝ Մոսկվայում, Փարիզում, Նյու Յորքում և այլ վայրերում ապրող մեր հայրենակիցները գումար ուղարկեն, իսկ իրենք գիտեն դրանք ինչպես տնօրինել: Դրվեցին պատնեշներ: Հայաստանի Սահմանադրությամբ՝ նախագահ կարող է դառնալ այն անձը, ով վերջին 7 տարիներին բնակվել է Հայաստանում, որ քաղաքացի պետք է լինի՝ պարզ է, բայց պետք է նաև բնակվի։ Այն դեպքում, երբ մենք համաշխարհային ազգ ենք, և մեզ պետք են միջազգային փորձով մարդիկ։

Իլյա Դորոնով- Ստացվում է, որ ներկայիս Սահմանադրության մեջ ի սկզբանե դրվել են արգելքներ, որոնք թույլ չեն տալիս ներգրավել արտերկրում բնակվող հայերին, որպեսզի նրանք կարողանան օգնել իրենց պատմական հայրենիքին:

- Այո, և դա լուրջ խնդիր է, քանի որ մարդը, ով հսկայական փորձ է ձեռք բերել, հասել է բարձունքների, չի կարող գալ և նախարար դառնալ Հայաստանում: Ինձ համար սա անհեթեթություն է: Օրինակ, եթե մենք մտածում ենք, որ ստեղծված ճգնաժամի հաղթահարման հնարավոր ճանապարհներից մեկը տեխնոկրատների կառավարություն կազմելն է և պրոֆեսիոնալների հրավիրելը, մենք ֆենոմենալ արդյունք ունենք, եթե դիտարկենք Սփյուռքը։

Օրինակ, եթե պայմանականորեն բարձր տեխնոլոգիաների նախարար ենք ուզում նշանակել, ես ունեմ 100 անձի մի ամբողջ ցուցակ միայն Ռուսաստանից, ում կարող եմ հրավիրել:

Իլյա Դորոնով- Եթե Հայաստանում դա հասկանում են, ինչո՞ւ Սահմանադրությունը չի փոխվում:

- Հայաստանում հասկանում են, սակայն մշտապես դժվար է հանձնել աթոռը՝ իշխանությունը: Ուստի դրա համար պետք է պայքարել։ Օրինակ, կրթության և գիտության նախարարը կարող է լինել այլ երկրից, օրինակ՝ ԱՄՆ-ից․․․ ԱՄՆ-ում հիմա կա կորոնավիրուսի դեմ գրանցված երկու պատվաստանյութ՝ Pfiezer և Moderna: Վերջինը ստեղծել է մի հայտնի հայի՝ Նուբար Աֆեյանի ընկերությունը, ով Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր է: Կարո՞ղ է նա լինել կրթության և գիտության նախարար, բնականաբար ո՛չ: Նույնը նաև առողջապահության մեջ է: Ողջ աշխարհում առողջապահության ոլորտում ամենահայտնի դեմքերից մեկը լորդ Արա Դարզին է՝ հայ Իրաքից: Մենք նրան Պատվո շքանշան ենք տվել, նա եղել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը, Բարաք Օբամայի խորհրդատուն, Ճապոնիայի կառավարության ամենապատվավոր պարգևին է արժանացել, Կատարում ամենամեծ հիվանդանոցն է ստեղծել: Կարո՞ղ է նա Հայաստանում լինել նախարար, պատասխանը ո՛չ է:

Իլյա Դորոնով- Ստացվում է, որ Հայաստանը հիմա այսպիսի իրավիճակում է գտնվում՝ խուսափելու ուժեղ մրցակցությունից, ինչի հետևանքով ավելի վատ է լինում հենց երկրի՞ համար: Դրանից հենց երկիրն է տուժում:

- Բնականաբար: Մենք չունենք նավթ, մեր ամենամեծ հարստությունը մարդիկ են, մարդիկ, ովքեր բնակվում են ողջ աշխարհում: 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո արտասահմանում բնակվող հայերի թիվը հսկայական դարձավ: Ցավոք, մենք այդ մարդկանց թվին ավելացնում ենք նաև նրանց, ովքեր մեկնել են անկախությունից հետո, ովքեր գնում են հիմա:

--00—ՄՀ