Նիկոլ Փաշինյանի դաշինքը տոկոսային մեծ տարբերությամբ առաջին տեղում է․ Gallup

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Նիկոլ Փաշինյանի դաշինքը տոկոսային մեծ տարբերությամբ առաջին տեղում է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։

Անհատների շրջանում անցկացված հարցումների արդյունքում ամենաբարձ ռեյտինգն ունի ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը-3․7 բալ, այնուհետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2․7 բալ։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է 2․4 բալ, իսկ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ 2․1 բալ։

Հարցին, ո՞ւմ օգտին կքվեարկեինք, եթե ընտրությունները լինեին հաջորդ շաբաթ, 31․7 տոկոսը պատասխանել է «Իմ քայլը» դաշինքի օգտին։ Ռոբերտ Քոչարյանի օգտին քվեարկել են 5․9 տոկոսը, «Բարգավաճ Հայաստանի» օգտին՝ 4․4 տոկոսը, «Լուսավոր Հայաստանի» և ՀՀԿ-ի օգտին՝ 2․4 տոկոսը։ Հարցվածների 24․6 տոկոսը չեն քվեարկի ոչ ոքի օգտին, իսկ 20 տոկոսը հրաժարվել է պատասխանել։

Հարցվածների 35 տոկոսը վստահ է, որ ընտրությունները կանցնեն արդար ու թափանցիկ։ 9 տոկոսը կարծում է, որ ավելի հավանական է, որ արդար անցնեն, իսկ 13․4 տոկոսը կարծում է, որ հնարավոր է ընտրություններն արդար չլինեն։ 29․7 տոկոսը վստահ է, որ ընտրություններն արդար ու թափանցիկ չեն անցնի, իսկ 12․5 տոկոսը դժվարացել են պատասխանել։

Հարցվածների 41․2 տոկոսը կմասնակցեն ընտրություններին, 10․7 տոկոսն հնարավոր են համարում իրենց մասնակցությունը, 15 տոկոսը ավելի շատ հակված են չմասնակցելուն։ Հարցվածների 15․9 տոկոսը նշել է, որ միանշանակ չեն մասնակցի ընտրություններին։