Բաքուն հայտարարել է՝ 44-օրյա պատերազմում Երևանն «Իսկանդերն» օգտագործել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News 

Իսկանդեր

44-օրյա պատերազմի ընթացքում Ղարաբաղում Հայաստանն օգտագործել է «Իսկանդեր» հրթիռային համալիրները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ականազերծման գործակալությունը։

Գործակալությունը հայտնել է, որ մարտի 15-ին Շուշիի տարածքում մաքրման աշխատանքների ժամանակ հայտանաբերվել է երկու պայթած հրթիռի մնացորդ։

 «Հրթիռների բեկորների աշխարհագրական կոորդինատները հետևյալն են  39°45’38.10«N 46°44’33.90»E և 39°45’27.80«N 46°45’25.80»E։  Գործակալության մասնագետների կողմից  հրթիռի նույնականացման համարի (9M723)  ստուգման ժամանակ պարզվել է, որ դրա բեկորները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համակարգին: Նույնիսկ բաց ինտերնետային աղբյուրներում որոնելիս կարելի է պարզել, որ 9M723 նույնականացման համարը պատկանում է «Իսկանդեր» հրթիռային համալիրին», - ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը ռազմագործողությունների ընթացքում «Իսկանդեր» չի օգտագործել։ Դա հաստատել էր նաև ՌԴ ՊՆ-ն՝ անդրադառնալով Իսկանդերի մասին Փաշինյանի սկանդալային հայտարարությանը։

--00—ՄՀ