Քարաշամբ և Թեղենիք համայնքներում էլ սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատվել են ճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News 

մարզպետ

Նոր Գեղիում հետևել եմ սուբվենցիոն ծրագրով 3-րդ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին: Շինարարությունը սկսվել է անցած տարի, սակայն, պայմանավորված կորոնավիրուսային համավարակով և պատերազմով, աշխատանքները կանգ էին առել: Շինարարները վստահեցրել են, որ առաջիկա ամիսներին կրթօջախն ամբողջովին պատրաստ կլինի շահագործման: Շեշտել եմ շինարարության բարձրակարգ իրականացման կարևորությունը՝ հանձնարարելով մարզպետարանի պատասխանատուներին խստագույնս հետևել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը: 

«Համայնքում ծանոթացել եմ նաև Կառավարության աջակցությամբ համայնքում իրականացված ներհամայնքային փողոցների ասֆալտապատման, բազմաբնակարան շենքերի շքամուտքերի ու տանիքների նորոգման, լուսավորության համակարգի անցկացման, ֆոտովոլտային կայանի տեղադրման և կոյուղու արտաքին ցանցի կառուցման աշխատանքներին:

Արգել համայնքում էլ կրկին Կառավարության աջակցությամբ մասնակի վերանորգվել և կահավորվել է մսուր-մանկապարտեզը: 100 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը կրկին կվերաբացվի առաջիկա օրերին: Պայմանավորված կորոնավիրուսային համավարակով՝ կրթօջախ այցելելու հնարավորություն կունենա 60 երեխա: Ընդգծել եմ համավարակի պայմաններում Կառավարության կողմից հաստատված կանոնների խիստ պահպանման անհրաժեշտությունը, որի արդյունքում կխուսափենք հիվանդության առավել տարածումից և մանկապարտեզների աշխատանքների կրկին դադարումից:

Քարաշամբ և Թեղենիք համայնքներում էլ սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատվել են ներհամայնքային փողոցները:

Համայնքներում այցելել եմ նաև մշակույթի տներ, հետևել աշխատանքներին: Հորդորել եմ համայնքներում մշակութային կյանքի ակտիվացման համար ուժեղացնել մարզպետարան-համայնք համատեղ աշխատանքը:

Նշեմ, որ վերոնշյալ համայնքներից Կառավարության հաստատմանն են ներկայացվել սուբվենցիոն մի շարք ծրագրային հայտեր՝ ասֆալտապատումից մինչև գազաֆիկացում և պուրակների, սպորտային կոմպլեքսի, ֆուտբոլային դաշտի կառուցում»,- գրել է մարզպետը:

--00—ՄՀ