Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը կկանոնակարգվի․ որոշում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

տաքսի

Կառավարությունը հավանություն է տվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։

Փաթեթով նախատեսվում է կանոնակարգել օդանավակայանների տարածքում տաքսու ծառայությունների մատուցման գործընթացը, կբարձրանա սպասարկման որակը, կբացառվեն ոլորտում անօրինական փոխադրումները․

Ըստ հիմնավորման՝ Օդանավակայանների տարածքում առանձին կարգավորում չունի տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, ինչի արդյունքում տաքսի ծառայություններ մատուցողների կողմից անընդունելի վարքագիծ է դրսևորվում օդանավակայանների տարածքում ուղևորների նկատմամբ՝ նրանց բանավոր հավաքագրելու միջոցով անհանգստություն պատճառելու արդյունքում: Հայաստանի Հանրապետություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է:

Բացի այդ օդանավակայանի տարածքից տաքսի ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները չունեն հնարավորություն օգտվելու տաքսու կայանատեղից, ինչը անհավասար պայմաններ։

Տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար օդանավակայանի տարածքից փոխադրումներ իրականացնելու հավասար պայմաններ ստեղծելու նպատակով առաջարկվում է տրամադրել օդանավակայանի մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման Ա տիպի լիցենզիա: Միաժամանակ առաջարկվում է կանոնակարգել օդանավակայանների տարածքում տաքսի ծառայություն մատուցողների կողմից տարբեր տիպի՝ այդ թվում բանավոր գովազդը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին և 2-րդ հոդվածներում նշված չեն, թե ում նկատմամբ է կիրառվելու վարչական պատասխանատվությունը՝ տուգանքը։ Ինչպես նաև Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում է վարչական պատասխանատվություն օդանավակայանների տարածքներում մարդատար-տաքսի ավտոմոբիլների փոխադրումներ իրականացնողների կողմից ուղևորների բանավոր հավաքագրելու կամ գովազդի այլ միջոցներ իրականացնելու դեպքում։ Հաշվի առնելով «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, որով տրված է «գովազդ» հասկացության սահմանումը, առաջարկում ենք վերը նշված դրույթից հանել «գովազդի այլ միջոցներ» բառերը»,- ասված է  ամփոփաթերթում։

Ա տիպի լիցենզիայի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում է տարեկան 200 000 դրամ: Սահմանվում են օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքին ներկայացվող պահանջները:

Խախտումների դեպքում սահմանվում է նաև վարչական տույժ։

--00—ՄՀ