«Նա ոչ լեգիտիմ քաղաքապետ է, ՀՀԿ-ի քաղաքապետը»․ Արարատում պահանջում են Հայկյանի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

Արարատում այսօր ևս լարված իրավիճակ է եղել: Քաղաքացիները շրջապատել են քաղաքապետարանի շենքը և պահանջում են քաղաքապետ Հայկ Հայկյանի հրաժարականը: 

Նախաձեռնողներից Վահե Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ հեղափոխությունից հետո երկար ժամանակ է՝ ներկայացնում են իրենց պահանջը քաղաքապետին, բացատրում, որ պետք է հեռանա, սակայն քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել: 

«Մեր պահանջը հիմնավորված է նրանով, որ քաղաքապետը չի կատարել նախընտրական շրջանում արած իր խոստումները։ Նա ոչ լեգիտիմ քաղաքապետ է, «Հանրապետական» կուսակցության քաղաքապետն է: Բազմաթիվ յուրացումներ, չարաշահումներ է արել,- ասաց նա՝ նշելով, որ չնայած դրանց մասին ունեն փաստեր, նպատակահարմար են գտնում, որ պարզապես քաղաքապետը հրաժարական տա,- քաղաքապետին էլ ենք այդ մասին ասել: Չենք ուզում, որ քրեական գործեր հարուցվեն, դատվի:

Ուզում ենք իր գիտակցությանը հասնի, որ մենք չենք ուզում այդ ճանապարհով գնալ: Սկսած ասֆալտի շերտից, վերջացրած ավագանիով հաստատված գումարների իրենց նպատակին չծառայելը․ նրա կողմից յուրացվածը կարելի է մեկ վայրկյանում բացահայտել»:

Ցուցարարները հիշեցրել են, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի՝ Արարատ այցի ժամանակ ներկայացրել են իրենց պահանջը, պատասխան են ստացել, որ ստորագրահավաք կազմակերպեն: