Մանվել Գրիգորյանին պահում են պատանդի կարգավիճակում, որ դանդաղ մահվան հասցնեն․ պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

«Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահում են անօրինական, քանի որ կալանքի տակ պահելու հիմքեր չկան»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտանը՝ Լևոն Բաղդասարյանը՝ պնդելով, որ Մանվել Գրիգորյանին, պատանդի կարգավիճակում պահելով, նրան դանդաղ մահվան կհասցնեն։ 

«Ամեն անգամ դատարանը վերացական դատողություններով, հլու-հնազանդ կատարում է ՀՔԾ-ի պատվերը և կալանքի սանկցիան երկարաձգում է․ դա անթույլատրելի է», - ասել է պաշտպանը՝ տեղեկացնելով, որ քրեական գործով Գրիգորյանին մեղադրանք առաջադրվել է յուրացման համար, վարույթ իրականացնող մարմինը վնասի չափը սահմանել է 7 մլն դրամ, որը դեռևս սեպտեմբերին փոխանցվել է դատախազության դեպոզիտ հաշվին:

Լևոն Բաղդասարյանը հիշեցրել է, որ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու հետ կապված մտահոգություն է հայտնել նաև ՄԻՊ-ը` արձանագրելով, որ Մանվել Գրիգորյանի մոտ բացահայտվել է առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա:

«Պատկերացրեք, որ մարդը շաքար է ունեցել, բայց ինսուլինից կախվածություն չի ունեցել, 6 ամիս անց շաքարը 25 է , օրը երկու անգամ ընդունում է ինսուլինի բարձր դոզա, արդեն ունի կախվածություն: Եթե նոր Հայաստանի քաղաքականությունը ընտրովի արդարադատությունն է և իր քաղաքացուն դանդաղ սպանելն է, ապա դրա դեմ պետք է տոտալ պայքարել, իսկ եթե ոչ, պետք է անհապաղ փոխել անձի խափանման միջոց կալանքը», - ասել է նա:

Պաշտպանը նաև տեղեկացրել է, որ այս քրգործի շրջանակում, սկսած 90-ականներից,  ստուգումներ են սկսվել Մանվել Գրիգորյանին և նրա մերձավորներին պատկանող ընկերություններում:

«Մի կողմ թողնելով ստուգումների իրավաչափությունը և հայտնաբերած ենթադրյալ խախտումները՝ վարույթ իրականացնող մարմնին հարցնում ենք` որքա՞ն կարող են կազմել ենթադրյալ ֆինանսական խախտումները, ասում են՝ մաքսիմում 1 մլրդ դրամ, պետությանն ենք նվիրաբերում 5 անգամ ավել արժողությամբ գույք: Հարցնում ենք՝ ո՞րն է պատճառը, երբ անձին կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են, բայց անձը մինչև հիմա գտնվում է կալանքի տակ, պատասխան չունենք», - ասել է նա: