Առաջիկա մեկ տարում «Ոսկե ծիրանը» ռեբրենդինգ կլինի

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

«Ոսկե ծիրանի» նոր ղեկավար կազմը նորություններ կներմուծի կինոփառատոն, բայց շատ ծայրահեղ ու կտրուկ փոփոխությունների չի դիմի։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին հրավիրած ասուլիսի ընթացքում նշեց «Ոսկե ծիրանի» նոր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը։

«Մտածում ենք նաև փառատոնի ռեբրենդինգի մասին։ Քննարկում ենք հնարավոր տարբերակները, որպեսզի ևրևանյանի ու միջազգային հանդիսատեսի համար «Ոսկե ծիրանը» մնա սիրելի, բայց նաև թարմացումներ լինեն»,- ասաց Հասմիկ Հովհաննիսյանը։

Կինոփառատոնի նոր տնօրենը խոստովանեց, որ երբ ստացել է առաջարկն, առաջին միտքը եղել է «ոչ» ասելը։

«Մտածեցի՝ ինչ պետք է անես արդեն 15 տարի գործող մեծ փառատոնի հետ, որն ունի միջազգային համբավ, տոն է Երևանի համար, բայց հետո հասկացա, որ այս թիմով կարող ենք նորություն բերել փառատոնին»,- նշեց Հասմիկ Հովհաննիսյանը։

Նա առաջին փառատոնից ընդգրկված է եղել «Ոսկե ծիրան»-ում։ Ավարտել է համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, աշխատել «Ոսկե ծիրանում», այնուհետև պրոդյուսերական կրթություն ստացել Շվեդիայում, իրականացրել է մի քանի բիզնես-մշակութային  ծրագրեր։